Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը ՝ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար

Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը ՝ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար
Հասարակություն
17:21, 21 июль 2021
Վերջերս Վերապատվելի Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ՝ համալսարանի ռեկտորի կողմից, նաև՝ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ խորհրդակցությամբ: Ստորև ներկայացվում է համալսարանի կայքի համար անցկացված հարցազրույցը դոկտոր Լեոնյանի հետ։ 

-Դոկտոր Լեոնյան, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Ձեզ:

-Ես Ռընե Լեոնյանն եմ, Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել եմ Մարսելում: Ե՛վ հայրական, և մո՛րս կողմից պապերս ու տատերս 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերապրողներ են եղել՝ ծագումով Կիլիկիայից:

–Ո՞րն է ձեր մասնագիտական ուղին:


-Աստվածաբանական կրթությունս ստացել եմ Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում: Լիոնում իմ առաջին հոգևոր ծառայությունն անցկացրի ինը տարի: Առիթից օգտվելով, դոկտորական թեզս շարունակեցի գրել Լիոնի կաթոլիկ համալսարանում:
Մի քանի տարի անց ներկայացրեցի Հայ ավետարանական եկեղեցու ծագման վերաբերյալ իմ թեզը: Գիտական խորհրդականս պրոֆեսոր Գրիգոր Բելեդյանն էր, որն այդ ժամանակ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն էր:
Ավարտել եմ նաև Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան և Փարիզ-Սորբոն արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել եմ նաև գիտության և կրթության գծով ասպիրանտ:
Իմ ծառայության ողջ ընթացքում ապրել եմ բազմաթիվ երկրներում։
Նախ` Հայաստանում, որտեղ տասնյոթ տարի եղել եմ Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչը։
Եղել եմ նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Հայաստանի ավետարանական աստվածաբանության ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:
Որպես հոգևոր հովիվ ծառայել եմ նաև Ուրուգվայում, Հունաստանում, Կանադայում, նաև Ֆրանսիա, Լիոն, Փարիզ և Վալանս քաղաքներում:
Եղել եմ Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերակցության Գլխավոր քարտուղար, նաև՝ բանտերի հոգևոր հովիվ: Աշխատել եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն գրասենյակի վարիչ։ Լիոնի քրիստոնեական Ռադիո-Ֆուրվիերի համահիմնադիր եմ:
Ներկայումս Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն եմ:

–Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնեությունը Հայաստանում ներկայացված լինի ակադեմիական աշխարհին:


-Քրիստոնեությունը Հայաստանում ծագել է ամենաառաջիններից մեկը աշխարհում։
Դրա հավատը, պատմությունը, ավանդույթները և նահատակությունը հարգանքի առարկա են: Ակադեմիական աշխարհի համար առիթ և պատիվ է Հայ եկեղեցուն առանձնահատուկ տեղ հատկացնելը:
Հիշեցնե՛նք, որ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը ստեղծվել է 1987 թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու Լիոնի՝ այն ժամանակ հոգևոր առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի նախաձեռնությամբ:

–Որո՞նք են Ձեր նպատակները, երբ ստանձնեք այս պաշտոնը:

-Նպատակս է հարատև դարձնել հայագիտական այս ամբիոնը: Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել իմ բոլոր նախորդներին, ովքեր հիացմունքի արժանի գործ են կատարել: Ուրախ կլինեմ կրկին տեսնել այս դասընթացների կանոնավոր մասնակիցներին: Հուսով եմ` նորեկներին նույնպես կգրավեմ:
Ապագայում ուշադիր կլինեմ մասնակիցների և ապագա մասնակիցների առաջարկների նկատմամբ: Միասին մենք կփորձենք ավելի մեծ լսարանի համար ավելի մատչելի դարձնել Հայաստանը, հայերին և հայկական քրիստոնեությունը:

–Ո՞րն է լինելու այս տարի հայագիտության ամբիոնի կողմից առաջարկվող դասընթացի թեման:


-2021-2022 թվականների համար մենք ընտրել ենք հետևյալ թեմաները.
  • Հայաստանի և հայերի պատմությունը ծագումից մինչև մեր օրերը։ 
  • Հայկական եկեղեցիները (առաքելական, կաթոլիկ, ավետարանական). պատմություն, աստվածաբանություն և հոգևոր արժեքներ: 
  • Եկեղեցիների միջև փոխհարաբերությունների հեռանկարներ: