Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է ավելի քան 300 մլն դրամ տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 3,200 անձի ցերեկային խնամքի ծառայությունների նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է ավելի քան 300 մլն դրամ տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 3,200 անձի ցերեկային խնամքի ծառայությունների նպատակով
Հասարակություն
11:06, 22 июль 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»։  

Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել 2020 թ․ պատերազմի ընթացքում տեղահանված քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին ու ընթացիկ ծրագրերին։ 

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության կողմից պատվիրակման միջոցով իրականացվող ծրագրերն՝ անդրադառնալով նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը։  

Նախարարի տեղակալի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի համար ավելի քան 300 մլն դրամ է հատկացրել  «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 3,200 անձի ցերեկային խնամքի ծառայությունների (նաև տնային պայմաններում) տրամադրման նպատակով։