Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողթ և Գեղաշեն համայնքներում շուտով շահագործման կհանձնվեն նորակառույց մանկապարտեզներ

Գողթ և Գեղաշեն համայնքներում շուտով շահագործման կհանձնվեն նորակառույց մանկապարտեզներ
Հասարակություն
11:21, 22 июль 2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով մարզի Գողթ, Գեղաշեն և Կամարիս համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի տարածք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին ու ծավալներին:

Ծրագրի արդյունքում պետության աջակցությամբ Գողթ համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած տիպային մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 75 երեխաների համար. գործելու է երեք խմբով: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Գողթում մարզպետ Ահարոն Սահակյանը դիտարկել է նաև համայնքի բյուջեի միջոցներով երկու փողոցներում իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Այնուհետև մարզպետն այցելել է Գեղաշեն համայնք և համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ եղել կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցված նոր մանկապարտեզում, որտեղ այս պահին կրկին կառավարության 2020 և 2021 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ, որից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման: Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար: Նշենք, որ Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել: Բացի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրից, Գեղաշենում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ մի շարք թաղամասերի գազաֆիկացում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և արևային կայանների տեղադրում:

Հաջորդիվ մարզպետը եղել է Կամարիս համայնքում, որտեղ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ, ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։ Բացի նշված ծրագրից, այս տարի Կամարիսում ևս երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգում և համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցի վերականգնում: Վերջին ծրագրով համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Բոլոր համայնքներում մարզպետը հորդորել է սահմանված ժամկետում ավարտել մեկնարկած շինաշխատանքները՝ իրականացնելով բացառապես որակյալ շինարարություն: