Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողի աշխատանքի խոչընդոտման 4 դեպք. ԽԱՊԿ նախագահ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողի աշխատանքի խոչընդոտման 4 դեպք. ԽԱՊԿ նախագահ
Հասարակություն
15:09, 23 июль 2021
Այսօր՝ հուլիսի 23-ին, «Արմենպրես» լրատվական գործակալությունը հյուրընկալել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, որը կներկայացնի Կոմիտեի 2021 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների, լրատվամիջոցների իրավունքների խախտումների վերաբերյալ:   

Ինչպես նշեց պարոն Մելիքյանը, 2021-ի 2-րդ եռամսյակը շատ բարդ էր և լարված լրատվամիջոցների ու լրագրողների համար՝ պայմանավորված և՛ հետպատերազմյան խորը ճգնաժամով, և՛ դրան հաջորդած գործընթացներով, և՛ բուն ընտրություններով. «Եվ նման լարված վիճակներում կարծես թե ավելի ցայտուն են երևում ինֆորմացիոն դաշտում գոյություն ունեցող խնդիրները: Եվ այս առումով ակնհայտ էր մեզ համար, որ ավելի ցայտուն երևաց լրատվամիջոցների բևեռացումը և տարբեր քաղաքական ու բիզնես շրջանակներին ծառայելը»:

Նրա խոսքով՝ այդ բևեռվածությունը տեղափոխվեց նաև հասարակություն, և յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պարտքն էր համարում անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել այլ ճամբարի հետ ասոցացվող լրատվամիջոցի նկատմամբ. «Եվ դա լուրջ խոչընդոտ էր օբյեկտիվ ներկայացնելու իրադարձությունները»:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը մենք արձանագրել ենք 4 դեպք, երբ խոչընդոտվում էր լրագրողի աշխատանքը, իսկ նախընտրական ժամանակահատվածում՝ 2 բռնության դեպք և տարատեսակ ճնշումների 5 փաստ»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

ԽԱՊԿ նախագահը նշեց, որ լրագրողական կազմակերպությունները արձագանքում էին բոլոր միջադեպերին. «Եվ պետք է ասել, որ իրավապահ մարմիններն էլ շատ հաճախ արձագանքում էին այդ հայտարարություններին»: