Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ավելի համարձակ լինել Արևմուտքի հետ համագործակցության հարցում․ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու համար ոչ մի թույլտվություն պետք չէ․ Հովսեփ Խուրշուդյան

Պետք է ավելի համարձակ լինել Արևմուտքի հետ համագործակցության հարցում․ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու համար ոչ մի թույլտվություն պետք չէ․ Հովսեփ Խուրշուդյան
Հասարակություն
16:22, 23 июль 2021
«Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով քննարկման ընթացքում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խորշուդյանը, խոսելով Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի հանդիպման մասին, ասաց․ «Ալիևի և Պուտինի վերջին հանդիպումից հետո, երբ ռուսական մամուլում արտահոսք եղավ, որ Ալիևը եկել գանգատվել է ԵՄ-ի ներգրավումից արցախյան կարգավորման հարցում, Պեսկովը մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ իրենք ողջունում են ԵՄ ներգրավումը այդ պրոցեսին, այն շրջանակներում, որը մատնանշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այսինքն՝ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գոյություն ունեցող պայմանավորվածությունների և փաթեթների շրջանակներում, որոնք ներառում են Արցախի կարգավիճակի մասին հարցը»։ 
 
Մեկնաբանելով դա՝ Խուրշուդյանն ասաց․ «Նշանակում է, որ Ռուսաստանը առաջ է մղում ադրբեջանական օրակարգը, Ադրբեջանի շահերը, որ իրենք պայմանավորվել են, որ Հայաստանի հանդեպ ինչքան շատ ունենա ազդեցություն, ինչքան մենք շատ թողնենք, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի հանդեպ մեծ լինի, այդ ազդեցությունը օգտագործվելու է ի նպաստ Ադրբեջանի»։ 

Խուրշուդյանի խոսքով՝ պետք է հետաքննություն լինի, թե  Ադրբեջանը ինչպես  է ներխուժել Հայաստանի տարածք․ «Ոչ մի կրակոցով դրա դեմը չառանք, դա շատ լուրջ, մտահոգիչ բան է։ Ես չգիտեմ, թե այնտեղ ռուսական ագենտուրա՞ն է աշխատել, թե՞ ռուսներն են հրահանգել Հայաստանին չարձագանքել կամ խաբել են՝ ասելով, թե մենք այդ հարցը կլուծենք, բայց հանկարծ կրակոց չանեք»։

Ըստ նրա՝ տպավորություն է, որ ոչ ադեկվատ վախեր կան իշխանությունների մեջ, որ ռուսներին դուր չեկող քայլ չանեն, ինչը ադեկվատ չէ:

«Այդպիսի բան չկա, պետք է ավելի համարձակ լինել Արևմուտքի հետ համագործակցության մեջ և ռիսկերը կառավարել․ ոչ մեկը չի ասում կտրուկ քայլեր անել․ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու համար ոչ մի թույլտվություն պետք չէ, և ռուսները ոչ էլ կարող են ասել՝ ինչո՞ւ ես դիմել, որովհետև պարտավոր էր աջակցել, չի աջակցել, մենք էլ դիմում ենք այնտեղ»,- ասաց նա։