Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում ընթանում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի շինծու քրգործով դատական նիստը

Բաքվում ընթանում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի շինծու քրգործով դատական նիստը
Հասարակություն
12:21, 26 июль 2021
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ադրբեջանը նրանց մեղադրում է լրտեսության մեջ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։

Նշենք, որ նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին։

Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228 (զենքի ապօրինի պահում), 279 (զինված խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի անօրինական հատում), 276 (լրտեսություն) հոդվածներով։

Նշենք, որ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են հրադադարի հաստատումից հետո Բերձոր-Շուշի ճանապարհին։

Հիշեցնենք, որ Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների տարբեր խմբերի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։ Արդեն նաև հրապարակված դատավճիռներ կան։ Մասնավորապես, լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, շիրակցի գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, ևս 12 գերիները՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերջիններս, սակայն, հուլիսի 3-ին վերադարձան Հայաստան։ Օրերս էլ երկու խումբ շիրակցի ռազմագերիներ՝ ընդհանուր 26 գերի, դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման։