Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ծառայության հաջորդ փուլը՝ Շիրակում և Լոռիում. Ծառայությունն այդ մարզերում կմեկնարկի 8-9 ամսից, դիմումներն արդեն ընդունվում են. Ամալյա Հովսեփյան

Պարեկային ծառայության հաջորդ փուլը՝ Շիրակում և Լոռիում. Ծառայությունն այդ մարզերում կմեկնարկի 8-9 ամսից, դիմումներն արդեն ընդունվում են. Ամալյա Հովսեփյան
Հասարակություն
13:16, 26 июль 2021
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության իրավական համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը հիշեցրեց, որ հուլիսի 7-ից պարեկային ծառայությունը մեկնարկել է Երևան քաղաքում: 

«Մոտ 700 պարեկային ծառայողներ այսօր արդեն Երևանում իրականացնում են իրենց նոր ծառայությունը, որը նոր է թե՛ իր փիլիսոփայությամբ և թե՛ իր գործառույթներով: Եվ իհարկե, բարեփոխումների տրամաբանությամբ՝ պարեկային ծառայությունը պետք է մեկնարկի նաև Հայաստանի մյուս բոլոր մարզերում»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում պարեկային ծառայության աշխատանքներին նվիրված քննարկմանը ասաց Ամալյա Հովսեփյանը: 
 
Նրա խոսքով՝ պարեկային ծառայության հետագա փուլը կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում. «Ծառայությունն այդ մարզերում կմեկնարկի 8-9 ամիս հետո: Իսկ մինչ այդ մենք հայտարարել ենք մրցույթ 570 տեղի համար, որը նախատեսված է ինչպես Շիրակի և Լոռու մարզերի, համապատասխանաբար, 257 և 258 թափուր հաստիքների համար, այնպես էլ 55 նոր հաստիք Երևան քաղաքի համար՝ որպես համալրում»:

Ինչպես տեղեկացրեց Ամալյա Հովսեփյանը, այսօրվանից արդեն ցանկացողները կարող են իրենց ընդունելության փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ նախօրոք գրանցվելով: «Մրցութային փուլն ավարտվելու է ս.թ. հոկտեմբերին, որից հետո՝ նոյեմբերի 1-ից, համապատասխան 570 դիմորդները կանցնեն 5-ամսյա կրթություն: Կրթությունը դարձյալ կայանալու է Ոստիկանության կրթահամալիրում: Բոլոր դիմորդները, միջազգային չափորոշիչներին համապատասխան, կանցնեն լավագույն տակտիկական և տեսական վերապատրաստում՝ համապատասխան մարզերում իրենց աշխատանքը մեկնարկելու համար»: