Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ծառայության շուրջ քաղաքացիների դժգոհությունները վերլուծում ենք. Արթուր Ումրշատյան. Տեսանյութ

Պարեկային ծառայողը ստանալու է ամենացածրը մոտ 230 հազար դրամ, և ըստ դասակարգումների՝ ավագ պարեկները և մյուսներն ավելի բարձր աշխատավարձ կստանան: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը: «Սոցիալական բաղադրիչը, իհարկե, շատ կարևոր է, բայց որքան էլ տարօրինակ թվա, ես ձեզ անկեղծ ասեմ՝ անձնակազմի մոտիվացիան այնքան բարձր մակարդակի վրա է, որ այդ հարցով դեռևս ոչ մեկը մեր առաջ հարց չի բարձրացրել: Իրենց ինչ խոսք է տրվել, բոլոր խոստումները կատարվել են, և բոլորը վստահում են: Եվ ինձ թվում է՝ ծառայության գրավչությունը նաև դրանում է»:

Ինչ վերաբերում է պարեկային ծառայության խնդիրներին, Ոստիկանության պարեկային ծառայության պետը նկատեց. «Դրանք զուտ ծառայողական խնդիրներ են, և թույլ տվեք՝  փակագծերը շատ չբացեմ: Ուղղակի կարող եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով խնդիրները լուծում ենք և ծառայության որակը բարձրացնում»: 

Անդրադառնալով պարեկային ծառայությունից քաղաքացիների դժգոհություններին առնչվող հարցին՝ Արթուր Ումրշատյանը նշեց. «Իհարկե, մենք վերլուծում ենք դժգոհությունները, ունենք հեռախոսազանգեր, ունենք հատուկ ընթացակարգ քաղաքացիների կողմից եկող դժգոհությունները վերլուծելու և ըստ այդմ՝  լուծելու ծառայության առջև դրված խնդիրներն ու մարտահրավերները»:  
Նրա խոսքով՝ հիմնական դժգոհությունը կապված է Երևան քաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության հետ. «Դա մեր հիմնական մարտահրավերն է»: 

Ոստիկանության պարեկային ծառայության պետը, ընդգծելով, որ այս ծառայությունը նոր է, տեղեկացրեց. «Ուսումնական ծրագրում փոփոխություններ ենք անում: Մի բան է, երբ դու տեսականորեն գիտես, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, մեկ այլ բան է, երբ ծառայության պրոցեսի ժամանակ են խնդիրներն առաջանում: Ծառայությունն ինքը փորձառության ընթացքում հմտություններ ձեռք բերելու խնդիր ունի, իսկ մեր հասարակության պահանջը կարճ ժամանակում ավելի շատ է, և դա բնական է. ծառայությունը նոր է գործարկվել, և հասարակությունն էլ ավելին է սպասում: Մենք էլ ամեն ինչ անելու ենք բարձր մակարդակի ծառայություն ապահովելու համար»: