Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օպերայի տարածքում հեծանիվի, ավտոմեքենայի վարձույթով զբաղվող տնտեսվարողները բողոքում են քաղաքապետարանի՝ իրենց գործունեությունն արգելող որոշման դեմ

Օպերայի տարածքում հեծանիվի, ավտոմեքենայի վարձույթով զբաղվող տնտեսվարողները բողոքում են քաղաքապետարանի՝ իրենց գործունեությունն արգելող որոշման դեմ
Հասարակություն
12:42, 27 июль 2021
Օրերս Երևանի քաղաքապետարանը արգելեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք հեծանիվներ, մանկական ավտոմեքենաներ, ինքնագլդորներ են վարձով տալիս։ 

Civic.am-ի հետ զրույցում տնտեսվարողները դժգոհում էին քաղաքապետարանի որոշումից՝ նշելով, որ իրենց գործունեությունն օրինական էր՝ հարկեր էին մուծում։ Նրանք պատճառաբանում էին, որ քաղաքապետարանի այս որոշմամբ իրենք ֆինանսապես տուժում են, քանի որ լրացուցիչ հեծանիվներ և ավտոմեքենաներ էին գնել, որի վարձույթից պետք է հասույթ ստանային։ Տնտեսվարողներից մի քանիսը քաղաքապետարանի որոշումը վերագրեցին Երևանի՝ հիմնականում կենտրոնում տեղակայված «Mimobike» վարձով հեծանիվների գործունեության խթանմանը, որոնք հեռախոսային հավելվածով են գործում։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով որոշմանը՝ նշեց, որ այն նպատակաուղղված է Օպերայի հրապարակն ավելորդ էլեմենտներից մաքրելուն. «Առևտրի ստանդարտներին համապատասխանության հարց ևս կար, բայց քաղաքականությունն այնպիսին է, որ Օպերայի տարածքը մաքրվի և պատշաճ տեսքի բերվի։ Մեր քաղաքում հեծանվի վարձույթի բազմազան տեղեր կան։ Այդ տնտեսվարողները ցանկացած վայրում, որտեղ արգելված չէ, կարող են գործունեություն իրականացնել։ Երևան քաղաքը 22300 հեկտար տարածք ունի»։

Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ թեպետ տնտեսվարողների գործունեությունն արգելված է, բայց ցանկացողները կարող են գնալ Օպերայի տարածք սքեյթբորդներ, չմուշկներ, հեծանիվներ վարել։

Մեր դիտարկմանը՝ այս որոշմամբ ստացվում է, որ, օրինակ, «Mimobike» հեռախոսային հավելվածով վարձակալվող հեծանիվները մարդիկ կարող են բերել Օպերայի տարածքում վարել, իսկ տեղում չեն կարող հեծանիվ վարձակալել՝ քաղաքապետարանի խոսնակն արձագանքեց. «Այո, կարող են վարձակալել հեծանիվներ և բերել Օպերայի տարածքում վարել։ Մենք անընդհատ խոսում ենք հեծանիվների մասին, բայց այնտեղ ավելի շատ ավտոմեքենաների, ինքնագլդորների, սքեյթերի և այլ վարձույթի մասին է խոսքը։ Օպերայի տարածքում վաճառքն ու վարձույթը կանոնակարգվում են։ Մարդը կգա իր սեփական հեծանվով, թե իր հարևանից կխնդրի կամ այլ վայրից կվարձի հեծանիվը ու կբերի Օպերայի տարածքում կվարի՝  դա չի արգելվում։ Արգելվում է Օպերայի տարածքում որոշակի տնտեսական գործունեություն ծավալելը։ Տնտեսվարողները պետք է իմանան օրենսդրությունը՝ կարգը, չափորոշիչները. եթե համապատասխան լիցենզիաներ են պահանջվում՝ ունենան այդ լիցենզիաները, ունենան թույլտվություններ և զբաղվեն իրենց օրինական տնտեսական գործունեությամբ՝  այնտեղ, որտեղ չի արգելվում»։  

Հակոբ Կարապետյանը հարցով պատասխանեց մեր այն հարցին՝ արդյոք մինչ այս Օպերայի տարածքի տնտեսվարողներն անօրինակա՞ն էին աշխատում. «Այնտեղ Դուք, որ հեծանիվ, ավտոմեքենա կամ ինքնագլդոր եք վարձել, երբևէ ՀԴՄ տվե՞լ են Ձեզ»։ 

Նարա Մարտիրոսյան