Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի 120 շահառուի՝ ըստ հասցված վնասների չափի, փոխհատուցվել է 52 միլիոն դրամ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյա․ Տեսանյութ

ՀՀ-ում պատերազմական գործողությունների հետևանքով  միայն Սյունիքի մարզից են դիմումներ ստացվել. 120 շահառուի, ըստ հասցված վնասների չափի, փոխհատուցվել է շուրջ 52 միլիոն դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը։

Նա նշեց, որ այս միջոցառումն ավարտված է։  

Խոսելով երկրորդ միջոցառման մասին՝ Արտակ Հարությունյանն ասաց, որ դա քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների, անհետ կորածների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումն է, որը մասամբ ավարտված է, մի մասով շարունակվում է, դիմողները փոխհատուցվել են ըստ կատեգորիաների։

«Զոհվածների ընտանիքներին հատկացվել է 5 միլիոն դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում՝ 3 միլիոն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում՝ 2 միլիոն դրամ, 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում՝ 1 միլիոն դրամ, հաշմանդամ երեխայի դեպքում՝ նույնպես 3 միլիոն դրամ, և անհետ կորածների ու գերեվարվածների դեպքում՝ 1 միլիոն դրամ։ Անհետ կորածների և գերեվարվածների մասով ծրագիրը շարունակվում է, դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ»,- ասաց Արտակ Հարությունյանը։