Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի դատարանը հայ գերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին 15 տարվա ազատազրկման դատապարտեց

Բաքվի դատարանը հայ գերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին 15 տարվա ազատազրկման դատապարտեց
Հասարակություն
14:15, 28 июль 2021
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր հրապարակել է հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի շինծու քրգործով դատավճիռը․ նրանք դատապարտվել են 15 տարի ժամկետով ազատազրկման։ Հայ գերիները պատժի առաջին 5 տարին անցկացնելու են բանտում, մյուս տարիները՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Ադրբեջանը հայ գերիներին մեղադրանք էր առաջադրել երկրի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով։

Նշենք, որ դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ ընթացող այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել վկա Վիդադի Օրուջալիևը, մյուս վկան՝ Վուգար Աբդուլլաևը, նիստին չի մասնակցել,  ընթերցվել է նրա նախնական ցուցմունքը։

Խոսքով են հանդես եկել նաև հայ գերիները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Գևորգ Սուջյանը հայտարարել է, որ «զղջում է արածների համար» և ներողություն խնդրել, Դավիթ Դավթյանը ևս ներողություն է խնդրել։

Ի դեպ՝ մեղադրող դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 16-ական տարվա ազատազրկման, իսկ պատժի կրումից հետո՝ արտաքսել Ադրբեջանից։

Հավելենք, որ Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների տարբեր խմբերի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։ Կան հրապարակված այլ դատավճիռներ ևս։ Մասնավորապես, լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, շիրակցի գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, ևս 12 գերիներ՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերջինները, սակայն, հուլիսի 3-ին վերադարձան Հայաստան։ Օրերս էլ երկու խումբ շիրակցի ռազմագերիներ՝ ընդհանուր 26 գերի, դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման։