Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարմանալին այն է, որ դատախազությունը չի ուզում, որ իր մեղադրանքը ուժեղ լինի ու դատարանում իր գործը չտապալվի». փաստաբան Արա Ղարագյոզյան

«Զարմանալին այն է, որ դատախազությունը չի ուզում, որ իր մեղադրանքը ուժեղ լինի ու դատարանում իր գործը չտապալվի». փաստաբան Արա Ղարագյոզյան
Հասարակություն
15:13, 28 июль 2021
Խոշտանգումների դեպքերը Հայաստանում շարունակում են մնալ չբացահայտված։ Այս դեպքերով հաղորդումների հիման վրա կա՛մ քրեական գործեր չեն հարուցվում, կա՛մ, եթե հարուցվում են, կասեցվում կամ կարճվում են։

Այս թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցող ասուլիսի ժամանակ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ պետությունը պետք է 0 հանդուրժողականություն ցուցաբերի խոշտանգում իրականացնողների հանդեպ, ինչը Հայաստանում, ցավոք, այդպես չէ։ Նրա խոսքով՝ խոշտանգումների գործերը կարճվում, կասեցվում են, ինչի արդյունքում հետագայում հասնում ենք Եվրոպական դատարան։ 

«Ցավոք սրտի, այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Նույնը, օրինակ, հակագազի գործն է. տեսաք՝ տեսանյութում քանի դերակատարներ կային, սակայն երկու հոգու  է մեղադրանք առաջադրվել և գործը ուղարկվել դատարան։ Ու ամենաաբսուրդն այն է, որ այս գործով հոգեբանական փորձաքննություն նշանակվեց մի կերպ՝ քննիչի միջնորդությունների արդյունքում, սակայն էլի ոչ Ստամբուլյան արձանագրության ձևաչափով է նշանակվել, և այդ դաժանությունն ապրած անձի մասին հոգեբանը նշում է, որ չի կարող փաստել հոգեբանական տառապանքի ենթարկվելու մասին»,- ասաց պարոն Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ հիմա բողոք է ներկայացրել փորձագետի և դատախազի որոշումներրի դեմ, իսկ դատախազությունը ատամներով պաշտպանում է փորձագետի եզրակացությունը։

«Ինձ համար զարմանալի է, որ դատախազությունը չի ուզում, որ իր մեղադրանքը ավելի ուժեղ լինի ու հետագայում դատարանում իր գործը չտապալվի, և նմանատիպ գործերը բազմաթիվ են։ Դատարաններն էլ նայում են, թե խոշտանգողներին ինչպես կարելի է արդարացնել, և մի բան գտնում են, որ նախաքննության ժամանակ չի իրականացվել»,- ասաց պարոն Ղարագյոզյանը։


 Ուստի պարոն Ղարագյոզյանը Արմեն Աղաջանյանի գործի հետ կապված, որը հիմա Վճռաբեկ դատարանում է, արդար դատավարության հույս չունի. «Գտնում եմ, որ որևէ դատավորի մոտ խոշտանգում գործադրողին  քրեական պատասխանատվության ենթարկելու կամք չկա»։