Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանից տեղահանված 24 ընտանիքների տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ

Ադրբեջանից տեղահանված 24 ընտանիքների տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ
Հասարակություն
20:33, 29 июль 2021
1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվեցին բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:

Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնեց 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6 երկուսենյականոց և 1 երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորեց շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում: «Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,-ասաց նա:

Ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը դիմել են Ծառայություն՝ ծրագրի մասնակցելու համար:

Ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ: