Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները կփոխվեն. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները կփոխվեն. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Հասարակություն
11:54, 30 июль 2021
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ 

Հիմնական զեկուցող՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ նախագծով հստակեցվում են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները. «Փոփոխություններով նախատեսվում է կարգավորել, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը՝ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար փոփոխելուց հետո 10 տարվա ընթացքում փոխվի այլ նպատակային կամ գործառնական նշանակության, ապա պետք է վճարվի մինչև իմ կողմից նշված փոփոխությունները և փոփոխելուց հետո հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը»։ 

Նարինե Ավագյանի մեկնաբանմամբ՝ եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արտոնությունից օգտված է լինում սեփականատերը, և հողամասը նպատակային նշանակության է փոխվելու, ապա պետք է վճարի մինչև փոփոխությունը ու արդեն փոփոխությունից հետո կադաստրային արժեքների տարբերությունը։ 

«Մյուս բովանդակային փոփոխությունը վերաբերում է նրան, որ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տնտեսությունների ցանկը կսահմանի կառավարության լիազոր մարմինը։ Եվ համապատասխանաբար արդեն սպանդանոցները դուրս են գալիս այս դրույթից»,- եզրափակեց նա։