Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի դատարանը հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին ու Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց

Բաքվի դատարանը հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին ու Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց
Հասարակություն
13:39, 02 август 2021
Բաքվում ավարտվել է հայ ռազմագերիներ Լյուվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը։ Ադրբեջանը նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանիցի գերիներին խոշտանգելու ու այլ հանցագործությունների մեջ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ անցկացված նիստում հնչեցվել է դատավճիռը, ըստ որի՝ հայ ռազմագերիներից յուրաքանչյուրը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նրանք առաջին 10 տարին կանցկացնեն բանտում, իսկ պատժի մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։

Նիստի ընթացքում ավելի վաղ ելույթ են ունեցել հայ գերիների փաստաբանները և դատարանին խնդրել Լյուդվիգ Մկրտչյանին ու Ալյոշա Խոսրովյանին մեղավոր ճանաչել միայն 318․2-րդ՝ պետական սահմանի անօրինական հատում հոդվածով։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին կայացած դատական նիստում մեղադրող դատախազը պահանջել էր հայ գերիներին 20 տարվա ազատազրկման դատապարտել։

Հավելենք, որ հայ գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հրապարակված այլ դատավճիռներ ևս կան։ Մասնավորապես, լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, շիրակցի գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, ևս 12 գերիներ՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերջինները, սակայն, հուլիսի 3-ին վերադարձան Հայաստան։

Օրերս էլ երկու խումբ շիրակցի ռազմագերիներ՝ ընդհանուր 26 գերի, դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանն էլ՝ 15 տարվա ազատազրկման։ Հուլիսի 29-ին ևս 13 շիրակցի ռազմագերիներ անօրինական կերպով դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման։