Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարո՞ղ է արդյոք հայհոյանքի քրեականացումը զսպել ֆեյքերին կամ դաստիարակության պակաս ունեցող անձանց

Կարո՞ղ է արդյոք հայհոյանքի քրեականացումը զսպել ֆեյքերին կամ դաստիարակության պակաս ունեցող անձանց
Հասարակություն
17:01, 02 август 2021
Մի քանի օր առաջ ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, ինչը տարբեր քննարկումների առիթ դարձավ։ Օրենքի և դրա կիրառման արդյունավետության վերաբերյալ, և արդյոք սա կզսպի ընդդիմությանը թե ոչ, Civic.am-ը զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ։ 

«Օրինագծի նպատակը միարժեքորեն լեգիտիմ է, պետք է հաշվի առնել, որ ցանկացած օրենքի ընդունում պայմանավորված պետք է լինի սոցիալական անհրաժեշտությամբ և նպատակ ունենա լավագույնս ապահովել քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և իրացումը, և այդ առումով  ցանկացած երկրում հանրային օրակարգը կարող է տարբեր լինել և հետևաբար օրենքների կարգավորման առարկաներն էլ կարող են տարբերվել»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Նրա խոսքով՝ այդ առումով այն պնդումները, թե նպատակը խոսքի ազատությունը լռեցնելն է, իհարկե թյուր է, որովհետև իրականում խոսքի ազատությունը գռեհիկաբանության և խուլիգանության հասնող այդ հայհոյախառն խոսույթի մասին չէ։ 

Մյուս կողմից իրավագետը նշում է, որ օրենքի որակը, որպես այդպիսին այդքան էլ բարձր չէ և կարելի էր ավելի որոշակի կարգավորումներ մտցնել, որպեսզի նաև շահարկումների, նաև քննադատությունների տեղիք չտար։
«Օրինակ՝ այնտեղ ծայրահեղ նվաստացում, նման տերմինները քրեական գործի քննության ժամանակ կարող են խնդիրներ առաջացնել, որովհետև քրեական հետապնդման մարմիններին և դատարանին, անհարկի մեծ լիազորություններ են տրամադրում՝ արարքն այս կամ այն կերպ մեկնաբանելու կամ որակելու համար, մյուս կողմից դա շատ կարևոր և գործուն միջոց կարող է լինել նաև իրենց անպարկեշտ պահող ընդդիմության, նրանց սպասարկող ֆեյքերի և ընդհանրապես դաստիարակության պակաս ունեցող անձանց զսպելու համար կարող է  ունենալ կարևոր նշանակություն»,-ասաց Արտաշես Խալաթյանը։

Իրավագետը, սակայն, չբացառեց, որ հանրապետության նախագահը կարող է օրենքը չստորագրել և ուղարկել ՍԴ, որպեսզի ՍԴ-ն իր մեկնաբանություններով օրենքի կիրառման որոշակի չափանիշներ սահմանի, կամ անգամ կարող է օրենքը զուտ իր ձևակերպումների պատճառով հակասահմանադրական ճանաչվել և հետագայում փոփոխվել, բայց նպատակն ինքնին գովելի է և իրավաչափ է, բայց օրենքի իրավաբանական որակը կարող էր ավելի բարձր լինել։                  

 «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց, որ այսօր նորընտիր ԱԺ-ի առաջին նիստն է և ընդդիմադիր մասն իրենց ցուցադրելու խնդիր ունի, բայց նա հույս ունի, որ այսպիսի ագրեսիվ պահվածք չի լինի։

Ինչ վերաբերում է հայհոյանքը քրեականացնող նախագծին, ապա ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ սա միջազգային կառույցները հաստատ քննադատելու են, եթե դեռ չեն քննադատել, և սա նաև Հայաստանի հեղինակության հարցն է։

«Ինձ շատ է հետաքրքրում, թե այս օրենքը կարո՞ղ է հետադարձ ուժ ունենալ, քանի որ ոչ վաղ անցյալում մենք տեսնում էինք նախընտրական քարոզչության ժամանակ իշխանության կողմն էլ էր հայհոյում բառիս ուղիղ իմաստով և մյուս կողմն էլ իհարկե։ Չգիտեմ՝ այդ ձևը, պահվածքն ինչի հետ է կապված, կշարունակվի դա թե չէ, բայց կուզենայի, որ օրենքը հետադարձ ուժ ունենար, որ ազդեր նաև հատկապես իշխանության կողմի վրա, որ ինքը պետք է օրինակը լինի, որ հայհոյանքները չլինեն։ Ընդհանրապես դեմ եմ, որ քրեականացրել են»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։  

Նա նշեց, որ քրեականացնելու փոխարեն կարող էին շատ այլ խիստ զգուշացումներ դնեին, եթե դա կրկնվեր, ապա Քրեական օրեսնգիրքն ունի հոդվածներ, որով կարող էին պատասխանատվության ենթարկել։

«Օրինակ՝ Մեղրիում, որ հիշում եմ այդ խայտառակ հայհոյանքները՝ պետք էր խուլիգանության հոդված դնել և հանգիստ նրանց պատասխանատվության ենթարկել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ էր այն ժամանակ իշխանությունը հայհոյանքը հանդուրժում, հիմա այլ կերպ են մոտենում։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ շատ վատ է, որ քրեականացվեց։ Արդյոք սա զսպելո՞ւ է հայհոյանքները, ես չեմ կարող ասել»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։ 

Լիլիթ Թադևոսյան