Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Հայաստանում պատվաստվածների թիվն, այլ երկրների համեմատությամբ չափազանց ցածր․ քննարկում՝ Մեդիա կենտրոնում

Ինչո՞ւ է Հայաստանում պատվաստվածների թիվն, այլ երկրների համեմատությամբ չափազանց ցածր․ քննարկում՝ Մեդիա կենտրոնում
Հասարակություն
15:24, 05 август 2021
Վերջին ժամանակահատվածում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի և տարածման միտումներ կան։ Հարկ է նշել, որ բոլոր տարիքային խմբերում, այդ թվում նաև երեխաների և դեռահասների շրջանում, այս տեմպերը կաճեն, եթե չձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, որի մեջ առանցքային դեր ունի պատվաստումների կիրառումը։ Այս մասին այսօր՝ Մեդիա կենտրոնում մեկնարկած «Հայաստանը պատվաստվածների թվով տարածաշրջանում վերջիններից է. ի՞նչ վտանգներ կան» թեմայով քննարկման ժամանակ, նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ օրական կտրվածքով Հայաստանում մոտ 3000-4000 անձ է պատվաստվում։ Իսկ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ արդեն իրականացվել է ավելի քան 183․000 դեղաչափ պատվաստում։ Հայաստանում այս պահին կա 3 պատվաստանյութ՝ Աստրա Զենեկա, Կորոնավակ և Սպուտնիկ Վ։

Քննարկման բանախոսներից Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ընդգծեց, որ մեր հարևան երկրների, ՌԴ-ի և Եվրոպական երկրների հետ համեմատելիս, Հայաստանում  պատվաստվածների թիվը չափազանց ցածր է։ Ըստ նրա՝ այս պատկերի պատճառները շատ են։ Դրանցից մեկը մարդկանց մոտ օբյեկտիվ տեղեկատվության պակասն է։ Շատ մեծ աշխատանք է տարվում՝ տարբեր լրատվամիջոցներով մարդկանց իրազեկելու համար, բայց, նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ հասարակության հետ տետատետ շփումների կարիք կա, որպեսզի մարդիկ կարողանան դրանց ընթացքում բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։

«Մենք նման մի բան նախաձեռնեցինք Բժշկական համալսարանում, որը ցույց տվեց, որ ծայրահեղական, ոչ ճիշտ տեղեկատվություն ունեցող մարդիկ գրեթե չկան, սակայն, կան օբյեկտիվ հարցեր, որոնց տալով օբյեկտիվ պատասխաններ, մարդկանց մոտ կարծիք է փոխվում», - նշեց պարոն Մելիք-Նուբարյանը։

Նրա խոսքով՝ թվում էր, թե պետք է դրական ազդեր պատվաստանյութերի բազմազանությունը, բայց այդպես չեղավ։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ, եթե մարդուն մեկ բան ես առաջարկում, որի այլընտրանքը չկա, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք գնան դրան․ «Սակայն, մեզ մոտ դա բերեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի շատ մտածել, փոխել իրենց պատվաստվելու որոշումը, այն պայմանավորել զանազան օբյեկտիվ, մեծամասամբ ոչ օբյեկտիվ գործոններով։ Օրինակ՝ պատվաստանյութով պլանավորել գնալ այս կամ այն երկիր»։

Այնինչ, պարոն Մելիք-Նուբարյանի խոսքով, նրանք խորը ուսումնասիրություններ են արել և վստահեցնում են, որ նման նախապայման չկա։ ՀՀ քաղաքացիների այլ երկիր գնալու հիմնական նախապայմանը Covid 19-ի բացասական թեստն է։