Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քասախ գետի գետահովտում մաքրման աշխատանքներ են իրականացվել

Քասախ գետի գետահովտում մաքրման աշխատանքներ են իրականացվել
Հասարակություն
16:53, 07 август 2021
Շրջակա միջավայրի նախարարութունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Արմավիրի մարզում՝ Քասախ գետի գետահովտում, մաքրման աշխատանքներ են կազմակերպվել։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը հարակից համայնքների բնակիչների հետ համատեղ Քասախ գետի հունը և տարածքը մաքրել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից։ Միջոցառմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ում խոսքով նմանատիպ միջոցառումները միտված են քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալ իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։

«Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։ Դրանց նպատակն է մոբիլիզացնել Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին` մասնակից դառնալու շրջակա միջավայրը մաքուր պահելու շնորհակալ գործին և մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումը համայնքային ավելի լայն ներգրավվածություն կունենա,-յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունն իր համայնքի տարածքում գտնվող բնության հուշարձանների նկատմամբ»։

Միջոցառման ավարտին հավաքված աղբը մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։

«Սիրելի՛ քաղաքացիներ, մաքուր պահենք բնությունը և շրջակա միջավայրը»,-  ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։