Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորական բաճկոնը հագից հանած հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել

Զինվորական բաճկոնը հագից հանած հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել
Հասարակություն
22:11, 01 декабрь 2023
Հիշո՞ւմ եք նկարի տղային, այո՛, նա երեկ համացանցում հայտնված, մեզ՝ հայերիս, մեղմ ասած, ամոթանք բերող հայտնի պատմության հնդիկ երտասարդն է՝ Անգիթ Ռամը, որն այսօր վերադարձել է իր աշխատանքին՝ նոր բաճկոնով։
 
Հիշեցնենք, որ երեկ համացանցում  տեսանյութ էր հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին ու պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Պահանջն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով։

Ժամեր առաջ Անգիթ Ռամը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու շնորհակալություն հայտնել Մարի Պապյանին՝ նոր բաճկոնի համար։
 
«Շնորհակալություն ձեր աջակցության համար, ես վերադարձել եմ աշխատանքի: Շնորհակալություն քույր Մարի Պապյան բաճկոնի համար»,- գրել է Ռամը ու հիպերլինկով նշել Մարիին։
 
Երբ համացանցի հետքով հայտնվեցինք Մարիի ֆեյսբուքյան էջում բարությամբ վարակող մի պատմության հանդիպեցինք․
 
«Շատ քչերը իմ ծանոթներից գիտեն էս դեպքի մասին, բայց ես էն որ ամբողջ կյանք կհիշեմ։ 
 
Տարիներ առաջ Թբիլիսիից Բուլղարիա պետք ա թռնեի, մենակ էի, աղքատ ուսանող։
Մի 3 ժամ կար դեռ թռիչքին, որոշեցի մի քիչ քնեմ ու մի քիչը ո՞րն ա, թռիչքս բաց թողեցի ․․․ նենց ահավոր էր, ինձ շատ մեղավոր էի զգում, մոտիս գումարը չէր հերիքում նոր տոմսի։ Տենց նստած լացում էի նեռվերիցս, դե էլ ի՞նչ անեի, ու ինձ մոտեցավ մի հնդիկ տղա, խոսեցինք ու ինձ հանեց 200$ տվեց առանց մի րոպե երկմտելու։ Ես շոկի մեջ էի ․․․
 
Հետո պատմեց իր պատմությունը, ոնց ա իրան մի անծանոթ մարդ օգնել շատ ծանր իրա համար կյանքի փուլում, ու իրան ասել ա, որ երբ տեսնի մեկին, ով իր օգնության կարիքն ունենա, անպայման օգնի։ Ու նույն խորհուրդն էլ ինքն ինձ տվեց․․․

Ինչ վերաբերում ա Անգիթի դեպքին, ժող ջան, ես իրան օգնել եմ մեր բոլոր հայերի անունից, քանի որ չէի ուզի մեր մասին տենց վատ կարծիք կազմեին ․․․

Շնորհակալ եմ բոլորիդ լավ խոսքերի համար ․․․

Եկեք բարի լինենք»,- գրել է Մարին։
 
Շնորհակալություն քեզ Մարի․․․ Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ բարիք գործելուց մի՛ ձանձրացեք (Բ Թեսաղոնիկեցիներին 3:13)։



Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝ 

Ֆեյսբուքյան օգտատերերին զայրացրել է հնդիկին նվաստացնող և «ֆորմեն հանի» հրաման տվող քաղաքացու արարքը

ՄԻՊ-ն անդրադարձել է տեսանյութին, որում օտարերկրացի տղամարդուն ստիպում են զինվորական բաճկոնը հանել