Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պետնախարարը բնակարանային ապահովության ծրագրերի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի պետնախարարը բնակարանային ապահովության ծրագրերի թեմայով խորհրդակցություն է անցկացրել
Հասարակություն
20:11, 10 август 2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության  պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերը ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: 

Այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրող մեր հայրենակիցների համար, որոնք ստիպված են ազատելու վաճառվող բնակարանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ խնդիրների մի մասը պայմանավորված է նաև պետական կարգավորումների բացակայությամբ կամ կիսատությամբ:

«Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ: