Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդրահարույց են իրավական որոշակիության առումով, պարունակում են ռիսկեր․ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաքվե»-ի նախագծով առաջարկվող փոփոխությունները ՔՕ-ում կատարելուց

Խնդրահարույց են իրավական որոշակիության առումով,  պարունակում են ռիսկեր․ Կառավարությունն առաջարկում է  ձեռնպահ մնալ «Հայաքվե»-ի նախագծով առաջարկվող փոփոխությունները ՔՕ-ում կատարելուց
Հասարակություն
10:49, 04 декабрь 2023
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած նախագիծը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԱԺ-ում սույն նախագծի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավիրված լսումների ժամանակ հիմնական զեկուցղ Արծվիկ Միասյանը հայտարարել էր․ «Ըստ գործող օրենսդրության՝ թե «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը, և թե նաև  «Հայաստան» խմբակցության կողմից դրա վերաբերյալ ներկայացված հայտարարության նախագիծը ենթակա են քննարկման ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին։ Եթե հանձնաժողովը չտա դրական եզրակացություն,  հաջորդ օրը այդ նախագծերը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտցնելու համար պետք է դրվեն քվեարկության»։  

Նշենք, որ նախագծի վերաբերյալ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է իր եզրակացությունը։ Եւ մի շարք դիտողություններ ներկայացնելով՝ եզրակացրել է՝ «Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում  է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 420.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 420.2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:»:

Կառավարությունն էլ իր հերթին առաջարկ է ներակայացրել նախագծի վերաբերյալ, որում նույնպես նշված է նախագծի իրավական որոշակիության խնդիրը։   «Հանցակազմի պարտադիր տարր հանդիսացող օբյեկտիվ գործողությունների շրջանակն անորոշ է, հստակ չէ օբյեկտիվ կողմի պարտադիր 2 պայմանը, ինչն իրավակիրառ պրակտիկայում կհանգեցնի տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության: Բացի այդ, հարկ է նշել, որ Ալմա-Աթայի հռչակագրով Անկախ պետությունների համագործակցության ստեղծման հիմնադիր փաստաթղթին միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դեռևս 1991 թ. ճանաչել է իբրև նորանկախ հանրապետությունների միջպետական սահմաններ»,-նախածի՝ Արցախին վերաբերող հոդվածի վերաբերյալ  մասնավորապես նշված է կառավարության առաջարկում։ Ինչ վերաբերում է ցեղասպանության հրապարակայնորեն հերքելուն վերաբերող  հոդվածին, ապա, ըստ կառավարության առաջարկի՝ «քննարկվող արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ նախատեսված է քրեական պատասխանատվության: Այն իրավացիորեն ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ գլխում, որտեղ սահմանված նորմերը համապարփակ կարգավորում են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությունների քրեորեն պատժելիության հարցերը»: «Ակնհայտ է, որ ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը չի կարող դիտվել որպես ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցավոր արարք, այլ այն իր վտանգավորության բնույթով հանցավոր արարք է՝ ուղղված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ: Նույն խնդիրն առկա է նաև նախագծով առաջարկվող առաջին լրացման դեպքում: Նկարագրվող արարքը նույնպես իր բնույթով չի կարող դիտարկվել որպես Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված, քանի որ եթե անգամ հիմնվելով նախագծի տրամաբանության վրա ընդունենք, որ Սահմանադրության նախաբանում նշված նպատակների դեմ ուղղված արարքները ևս ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով կարող են դիտարկվել որպես Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին համահունչ հանրային բարձր վտանգավորություն ունեցող հանցանքներ, ապա հարկ է հաշվի առնել, որ Սահմանադրության նախաբանը Հայաստանի անկախության մասին հռչակագրից հղում է կատարում միայն դրանում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, այնինչ Հայաստանի անկախության մասին հռչակագրում կոնկրետ այս հարցին առնչվող հիմնարար սկզբունք կամ համազգային 4 նպատակ առկա չէ: Հռչակագրի միայն նախաբանում և ոչ թե բուն տեքստում առկա է հիշատակում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին: Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:

Հ․Մ․