Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարաններ են ներկայացվում տարատեսակ բժշկական փաստաթղթեր, ինչի պատճառով դատավարությունը երկարաձգվում է. նոր կարգավորում

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը նշեց, որ շատ արդիական խնդիր է առողջապահության նախարարությանը՝ որպես լիազոր մարմնի, վարույթային կամ դատաքննության մասնակցի՝ վարույթային գործողությանը կամ նիստին մասնակցելու անհնարինության վերաբերյալ բժշկական փաստաթղթի տրամադրումը:

«Ես կարծում եմ, որ սա բավականին հրատապ է և անհրաժեշտ, որովհետև բազմիցս քննարկվել և խոսվել է դատավարության երկարաձգման և բժշկական տարատեսակ փաստաթղթրի ներկայացման մասին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ փոխնախարարին խնդրելով մանրամասնել:

«Մենք ունենք իրավիճակ, երբ ինչպես նախաքննական մարմիններ, այնպես էլ դատարաններ մասնակիցները ներկայացնում են տարբեր տեսակի բովանդակության և ձևաչափի բժշկական փաստաթղթեր, և քննիչը կամ դատավորը, չլինելով ոլորտի մասնագետ, չեն կարողանում գնահատական տալ, թե արդյոք տվյալ մասնակիցը ի վիճակի՞ է արդյոք մասնակցել վարույթին, թե՞ ոչ, և այդ բժշկական փաստաթղթի հիման վրա հետաձգել կամ չհետաձգել տվյալ վարույթային գործողությունը: Խոսքը վերաբերում է ինչպես նախաքննության փուլի մինչդատական, այնպես էլ դատաքննության փուլին դատական նիստերի ընթացքում»,- պարզաբանեց փոխնախարարը և հավելեց, որ այդ պատճառով տեղի են ունենում դատաքննության անհարկի ձգձգումներ:

Նրա խոսքով՝ ուստի առողջապահության նախարարությանը նոր լիազորություն է տրվելու, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անհարկի ձգձգումներից: