Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ
Հասարակություն
19:58, 12 август 2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են այդտեղ և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: Հանդիպման նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները:

«Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսել է հիմնադրամի մանդատի և հիմնական աշխատանքային ուղղությունների մասին, ինչպես նաև հրավիրել է մասնակիցներին քննարկելու հասարակական կազմակերպությունների ոլորտի ներկա վիճակը, հիմնական խնդիրները, համատեղ աշխատանքի հնարավորությունները։

Նշվում է, որ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ:
Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը:

Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները: