Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել․1lurer.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել․1lurer.am
Հասարակություն
21:36, 13 август 2021
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Ըստ այդ տվյալի՝ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2 061 253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝ կոմբինատում ունեցած բաժնետոմսերի վրա։

Ըստ ընկերության իրական սեփականատերերի ռեգիստրի տվյալների՝ «Զանգեզուր մայնինգի» բաժնետերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, որն իր բաժնեմասը ձեռք է բերել 2020-ին՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով։ «Զանգեզուր մայնինգի» բաժնեմասերի վրա դրված կալանքի հիմքերի մասին ևս մանրամասներ չկան։

Ինչպես տեղեկացնում է 1lurer.am-ը «Զանգեզուր մայնինգն» անցյալ տարի դատական գործընթաց էր սկսել ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի։ Ընկերությունը պահանջում էր կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ անվավեր ճանաչել, իսկ որոշ գործարքներում էլ որպես գնորդ նախապատվությունն իրենց տալ։ Դատարանը քննել ու մերժել էր ընկերության հայցը, իսկ պղնձամոլիբդենայինի տնօրենների խորհրդի նախկին անդամ, ներկայում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը Զուրաբովի գործողություններն «ալոգիկ» էր որակել։ «Զանգեզուր մայնինգի» շահերի ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյանը «Լուրերին» ասաց՝ «լիազորված չէ որևէ բան մեկնաբանել» բաժնեմասերի կալանքի հարցով։

Օգոստոսի 2-ին կալանք է դրվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող այլ ընկերություններում ունեցած բաժնեմասերի վրա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ին, որը շահագործում էր Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի հաստատված պաշարները կազմում են ավելի քան 2 միլիոն 762 հազար տոննա հանքաքար։ Հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը մինչև 2030 թվականն էր, 2014-ի վերջից սկսած չի աշխատում, արդյունահանում չի իրականացվում։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Լեռ-էքսն» սկսել է հանքավայրի փակման աշխատանքներ՝ ըստ պաշտոնական պարզաբանման հանքի աշխատանքը շահավետ չի գնահատվել։



Մանրամասները՝ 1lurer.am