Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դանակահարություն Աբովյանի մարզադաշտի մոտ. ոստիկանություն․տեսանյութ

Օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խմբին առաջին հայացքից էլ պարզ էր, որ վնասվածքները դանակահարության հետքեր են. ոստիկանների հետ երիտասարդը պահպանում էր խորհրդավոր լռություն, հրաժարվում միջադեպի տեղի, ժամանակի ու պատճառի մասին տեղեկություն հայտնել, հաղորդում և բացատրություն տալ:


Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի, ժամանակի և կատարողի վերաբերյալ տեղեկությունները ստացվեցին օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նախորդ օրվա երեկոյան Աբովյանի մարզադաշտի մոտ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Արամուս գյուղում հաշվառված, 20-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանեց, որ ինքն է դանակահարել:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: