Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները վերսկսել են հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումները

ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները վերսկսել են հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումները
Հասարակություն
19:29, 19 август 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրասնպորտային անվտանգության մասնագետները, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  մասնագետները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում օգոստոսի 19-ի վաղ առավոտից վերսկսել են Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ մշտադիտարկման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, տեսչական մարմինների մասնագետներն ու Պարեկային ծառայողները կանգառներում, ինչպես նաև շրջիկ կարգախմբերով մշտադիտարկել են մոտ 200 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել են իրավախախտման մի շարք դեպքեր։ Վերահսկողության արդյունքում որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, որոշ դեպքերում՝ գրավոր նախազգուշացումներ։ Մի քանի խախտումների դեպքում էլ կազմվել են վարչական արձանագրություններ։

«Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական»։
Կրկին հիշեցնում ենք, որ պետք է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, փակ տարածքներում պարտադիր դիմակ կրել,- հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից: