Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում կացնով դասախոսին հետապնդող անձը ձերբակալվել է․ Տեսանյութ

Երեկ համացանցում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայից իջնում մի տղամարդ՝ ձեռքին կացին, և հետապնդում մեկ այլ տղամարդու։ Տեսանյութում տեղադրված գրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, օգոստոսի 23-ին, իսկ տղամարդը, ում հետապնդում են, «Գյումրին Կռնա» քաղաքակրթական նախաձեռնության անդամ, դասախոս Արմեն Ներսիսյանն է։

Այսօր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում դեպքի մասին հայտարարություն է  տարածել, որում մասնավորապես ասված է. «Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Ա.-ն, ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։