Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդրում եմ ևս մեկ անգամ դառնալ զինվոր, նորից վերհիշեք զենք բռնելը. Արշակ Կարապետյանը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին․ Տեսանյութ

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։

Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։  Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։ Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։

Պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։

Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։

Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի  ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել  գեներալ-մայոր Բուդաղյանի ավանդը բանակաշինության և Հայրենիքի պաշտպանության գործում և ընդգծել, որ զորամիավորման անձնակազմը պետք է մշտապես պատրաստ լինի իր առջև դրված խնդիրների կատարմանը։

Արշակ Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորել է անել առավելագույնը՝ եռամսյա  հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։

Աշխատանքային շրջայցի ավարտին նախարար Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նախարարը հավաստել է, որ իր այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ Հայրենիքի պաշտպանության գործին ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար։