Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորածների հարազատները բողոք չներկայացրեցին, Կառավարության շենքի մոտ հավաքվել էին ահազանգի հիմքով. Տեսանյութ

Երեկ գիշերվանից 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարազատները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։

Civic.am-ի այցելության ժամանակ նրանցից ոմանք դրսում էին, ոմանք էլ մտել էին Կառավարության շենք և արդեն դուրս էին գալիս, սակայն խուսափում էին լրագրողների հետ զրուցել։

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված երեկ գիշերվանից Կառավարության շենքի մոտ իրենց հավաքվելը՝ անհետ կորածների հարազատներից մեկն ասաց, որ չեն բողոքում։ 

Նոյեմբերի 10-ից անհետ կորածներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, Կառավարության շենքից դուրս գալուց պարզաբանեց, որ Կառավարության շենքի մոտ հավաքվելը պայմանավորված է ահազանգով, սակայն ահազանգի բովանդակությունը գաղտնի պահեց. «Այսօրվա պահանջը շատ նուրբ հարց է, չեմ կարող բարձրաձայնել։ Ինչի համար որ հավաքվել ենք, ոչ թե պահանջ է, այլ եղել է ահազանգ, որը շատ մտահոգիչ է ու ստիպել է, որ շատ շուտ արձագանքենք այդ ամեն ինչին ու հասկանանք՝ իրականությո՞ւն է, թե՞ սուտ է։ Հիմա ասում են, որ չկա տենց բան, հույս ունենանք, որ չկա։ Ահազանգը եղել է Հայաստանից, անհետ կորածների ծնողներից մեկին»։ 

Կառավարության շենքի դիմաց անհետ կորածների հարազատների կողքին էր նաև ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը։ Նա խնդրեց անջատել տեսախցիկը, իսկ հետո նշեց, որ լրագրողները երբեմն խանգարում են գերիների բարեհաջող վերադարձի գործընթացին։ Վարչապետի օգնականի խոսքով՝ իր եղբայրը ևս անհետ կորած է։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունից մեզ տեղեկացրել են, որ անհետ կորածների հարազատներին հանդիպել են վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանը, Գագիկ Իսախանյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հանդիպումը կրել է կոնֆիդենցիալ բնույթ։ 

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հրապարակեց 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը։ Վարչապետի խոսքով զոհերի թիվը 3777-ն է, որից 3702-ը զինվորական, 75-ը՝ քաղաքացիական անձինք են։ Իսկ անհետ կորածների թիվը 243-ն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարա Մարտիրոսյան