Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան մարդիկ, որոնք կազմակերպված ստեղծել էին այս վիճակը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնել է` ինչ է խոստացել Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչներին

Կան մարդիկ, որոնք կազմակերպված ստեղծել էին այս վիճակը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնել է` ինչ է խոստացել Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչներին
Հասարակություն
17:45, 12 февраль 2024
Առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Նրանք բողոքում էին, որ փակվում է Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչությունը։ Նրանց էր հանդիպել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 
Մարզպետը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակիչներին սուտ տեղեկություններ են մատուցել, փորձել են բողոք առաջացնել մարդկանց մոտ։ «Ես հասկացա, որ ինֆորմացիայի բաց կա ու որոշ մարդիկ փորձել են դա օգտագործելով աշխատել բնակիչների էմոցիաների վրա։ Սուտ տեղեկություն են տարածել, թե կազմակերպություներ, կան, որոնց աշխատանքները դադարեցվելու են, ծառայություններ չեն մատուցել, ինչը սուտ է։ Նույն տուն-ինտերնատի հարցը, Վարդենիսի հիվանդանոցի և հոսպիտալի հարցը», - ասաց Կարեն Սարգսյանն ու նշեց, որ ներկայացրել է բնակիչներին, որ բարեփոխումներ են իրականացվում անձնագրային բաժնում և մարդիկ այդ ծառայությունները կարողանալու են ստանալ համայնքապետարանում։ 

«Կադաստրի առումով ևս նման հնարավորություն կունենան։ Չնայած, որ առաջիկա մեկ տարում բաժնի գործառույթները համայնքին տրամադրելու հարցը դեռ չի էլ քննարկվում։ Անձնագրայինն էլ ամբողջովին թվայնացվում է։ Եթե կլինեն այնպիսի բնակիչներ, որոնք չեն կարողանա կամ չեն տիրապետի համակարգչից օգտվելու հմտություններին, համայնքապետարանը կունենա պատուհան, որտեղ բնակչին կօգնեն այդ ծառայությունից համայնքապետարանում օգտվել, եթե այդ մարդիկ չեն կարողանա օնլայն կերպով՝ տանից, օգտվել ծառայություններից»։

Անդրադառնալով լուրերին, թե մարդիկ շարունակելու են բողոքի ակցիաները, մարզպետն ասաց, թե կան մարդիկ, որոնք կազմակերպված ստեղծել էին այս իրավիճակը։ 

«Բայց այդ, մարդիկ չկարողացան ստանալ էն, ինչ ուզում էին քաղել, կամ ստանալ։ Ես բնակիչներին տեղեկացրել եմ, որ բոլոր այն ծառայությունները, որոնք իրենք նախկինում ստացել են իրենց համայնքում շարունակելու են ստանալ իրենց համայնքում», - եզրափակեց Կարեն Սարգսյանը։
 
Վովա Հակոբյան