Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ մի բանակցություն, ոչ մի փոխզիջում, ոչ մի սակարկություն չի կարող լինել լրագրողների, ԶԼՄ-ների սահմանափակման հարցում՝ կապ չունի, թե ով է իշխանությունը»․ Լևոն Բարսեղյան

«Ոչ մի բանակցություն, ոչ մի փոխզիջում, ոչ մի սակարկություն չի կարող լինել լրագրողների, ԶԼՄ-ների սահմանափակման հարցում՝ կապ չունի, թե ով է իշխանությունը»․ Լևոն Բարսեղյան
Հասարակություն
13:38, 30 август 2021
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է լրագրողների գործունեության սահմանափակումներին առնչվող հարցը:  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ լրագրողների և լրատվամիջոցների գործունեության որևէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ. «Որևէ սահմանափակում չի կարող լինել կամայական, անգամ եթե դրանք օրենքներով, նորմատիվ ակտերով կամ ընթացակարգերով են սահմանվում: Հակառակ դեպքում այդ սահմանափակումները որակվել, որակվում և որակվելու են որպես բռնություն խոսքի և արտահայտման ազատության դեմ»:

Անդրադառնալով մեծամասնության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի արտահայտությանը՝ Լևոն Բարսեղյանը հույս հայտնեց, որ խմբակցությունը նրան կարգի կհրավիրի և կարգելի այլևս նման անհեթեթություններ խոսել, որոշել լրագրողների և լրատվամիջոցների անելիքները. «Սա կոնցլագերական մտածողություն է»:

«Ոչ մի բանակցություն, ոչ մի փոխզիջում, ոչ մի սակարկություն չի կարող լինել լրագրողների, լրատվամիջոցների սահմանափակման հարցում՝ կապ չունի, թե ով է իշխանությունը: Այստեղ մարդիկ կան, որոնք 25 տարի կռիվ են տվել, որպեսզի լրագրողների իրավունքները պաշտպանված լինեն»:

Ընդգծելով, որ չի հեգնում, Լևոն Բարսեղյանն առաջարկեց օթյակի պատուհանները դարձնել զրահապատ. «Դարձրեք զրահապատ, թող լրագրողները ներսում իրենց գործն անեն»: Նա հավելեց ևս երկու տարբերակ, իր խոսքով, անհեթեթ պատճառաբանումների դեմ՝ լրագրողներից համաձայնության ստորագրություն վերցնել առ այն, որ իրենք մտնում են վտանգավոր գոտի, նրանց բաժանել սաղավարտներ և զրահաբաճկոններ. «Մի անգամ շիշ է նետվել, մյուս անգամ կարող է աղյուս նետվել»:

Լևոն Բարսեղյանը ամոթալի է համարում, որ այս հարցը քննարկվում է: