Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն առաջարկում է տարածքային պաշտպանության զորքեր ստեղծել և համազգային բնույթ հաղորդել երկրի պաշտպանությանը

ՊՆ-ն առաջարկում է տարածքային պաշտպանության զորքեր ստեղծել  և համազգային բնույթ հաղորդել երկրի պաշտպանությանը
Հասարակություն
15:17, 21 февраль 2024
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է օրենքների նախագծերի փաթեթ ընդունել, որով կներդրվի  տարածքային պաշտպանության համակարգը։ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տարածքային սկզբունքով ձևավորվող զինվորական ստորաբաժանումներ և աշխարհազորի սկզբունքով ձևավորված տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերին և առաջնային դիմակայելու այդ սպառնալիքներին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է ներդնել տարածքային պաշտպանության համակարգ, որը կներառի տարածքային պաշտպանության զորքերը և դրանց հրամանատարությունը, ինչպես նաև տեղական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից»:

ՊՆ-ի կողմից մշակված նախագծում առաջարկվում է «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված օրենքում կատարել մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ «աշխարհազոր» բառը փոխարինել «տարածքային պաշտպանության համակարգ» բառերով, ինչպես նաև օրենքը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Տարածքային պաշտպանություն՝ խաղաղ և ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության ռազմական բաղադրիչի հնարավորությունների բարձրացման, ՀՀ սահմանների, ՀՀ տարածքի բնակավայրերի, ռազմական օբյեկտների, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների պահպանության և պաշտպանության համակարգ, որը ներառում է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը, տարածքային պաշտպանության զորքերը և տեղական պաշտպանության ուժերը»։    

Տարածքային պաշտպանության նպատակներն են՝

1) ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.

2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերից և այլ գործողություններից ՀՀ տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.

3) ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

2. Տարածքային պաշտպանության խնդիրներն են՝

1) մասնակցությունը ՀՀ սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.

2) ՀՀ  վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ ՀՀ զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ.

3) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.

4) ռազմական, պետական կարևորագույն և հատուկ օբյեկտների, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:

Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման մարմին է՝ զորամիավորման կարգավիճակով, որն ապահովում է տարածքային պաշտպանության զորքերի գործունեության կազմակերպման, ղեկավարման և պատրաստության գործընթացը:

3. Տարածքային պաշտպանության զորքերը ստեղծվում են ըստ ՀՀ տարածքային ուղղությունների մարտական խնդիրների կատարման նպատակով և կազմված են միավորումներից, զորամասերից ու ստորաբաժանումներից: Տարածքային պաշտպանության զորքերի կառուցվածքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանով:

4. Տարածքային պաշտպանության զորքերն ունեն խաղաղ և պատերազմական ժամանակի հաստիքներ: Խաղաղ ժամանակի հաստիքներ ունենալու և դրանցում նշանակում կատարելու նպատակն է՝ միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կազմակերպչական գործընթացի ապահովումը: Խաղաղ ժամանակի հաստիքներին (պաշտոններին) նշանակումն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման միջոցով: Պատերազմական ժամանակի հաստիքներին կատարվում է կցագրում՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիներից:

Առավել մանրամասն՝ հետևյալ հղումով