Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է Ալեքսանդր Արզումանյանի՝ խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է Ալեքսանդր Արզումանյանի՝ խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը
Հասարակություն
14:50, 31 август 2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021-ի օգոստոսի 31-ին հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 63845/09) ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:

Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահի ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է, և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով (Մարտի 1-ի գործ) վճռել է ճանաչել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և տալ համապատասխան փոխհատուցում: Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը»,- գրել է Լիպարիտ Սիմոնյանը:  

Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Ալեքսանդր Արզումանյանին պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։