Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Արցախ՝ Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Արցախ՝ Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի կապակցությամբ
Հասարակություն
18:10, 31 август 2021
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ,  ուղևորվել է Արցախ՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ 

«Պատվիրակության կազմում կան պատգամավորներ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից։ Վաղը՝ ժամը 11։00-ին, Արցախի ԱԺ-ում հատուկ նիստ է լինելու՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակին։ Իսկ սեպտեմբերի 2-ին Հայաստանի մեր գործընկերների հետ ծաղկեպսակ ենք դնելու եղբայրական գերեզմանոցում։ Կան նաև այլ միջոցառումներ, որոնց մասնակցությունն ըստ ցանկության է, միջոցառումների ցանկը կավարտվի սեպտեմբերի 27-ին»,- հավելեց Արցախի ԱԺ նախագահը։  

Արթուր Թովմասյանի խոսքով՝ Արցախ են մեկնում «Պատիվ ունեմ» խմբակցությունից Արթուր Վանեցյանը՝ 3 պատգամավորների հետ, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը՝ 7 պատգամավորների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավոր Արմեն Խաչատրյանը և ովքեր ցանկություն են հայտնել։

«Սեպտեմբերի 2-ին ես գնալու եմ նաև զորամասեր, եթե ՀՀ ԱԺ պատվիրակությունը ցանկություն հայտնի՝ կարող են ինձ հետ գալ»,- ասաց Թովմասյանը։ 

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության պատվիրակության ներկայությանը Արցախում՝ տեղեկատվական բաժնից մեզ հաղորդեցին, որ ՀՀ վարչապետն արձակուրդում է։  

Արդյոք ՀՀ նախագահը մասնակցելո՞ւ է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարելիցին՝ Արմեն Սարգսյանի աշխատակազմից որևէ պատասխանատու անձի հետ չկարողացանք կապ հաստատել։ Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանն արձակուրդում էր, իսկ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին։