Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե կառավարության ծրագրում մենք մեզ կապում ենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, այդպիսով ինքներս հարցականի տակ ենք դնում մեր սուվերենությունը». Ստեփան Գրիգորյան

«Եթե կառավարության ծրագրում մենք մեզ կապում ենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, այդպիսով ինքներս հարցականի տակ ենք դնում մեր սուվերենությունը». Ստեփան Գրիգորյան
Հասարակություն
16:06, 01 сентябрь 2021
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը անդրադարձավ Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված Կառավարության ծրագրում անվտանգության խնդիրների լուծման ձևակերպմանը, որում նշվում է, որ ՀՀ-ի և Արցախի անվտանգային միջավայրը նաև կապահովվի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունների շրջանակում։

«Պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ։ Ռուսաստանը Թուրքիայի հետ անցկացրեց լուրջ օպերացիա, ինչի մասին ռուս պաշտոնյաներն ասացին։ Հիմա էլ Ռուսաստանը Ադրբեջանի հետ լուրջ հարցեր է լուծում՝ դելիմիտացիա, միջանցքների բացում։ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չարձագանքեց մեզ։ Եթե մենք կապում ենք մեզ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, նշանակում է մենք ինքներս հարցականի տակ ենք դնում մեր սուվերենությունը»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը, իր անվտանգությունը զիջելով կամ փոխանցելով այլ պետության, ի՞նչ խնդիր է դրել իր առաջ, Գրիգորյանը նշեց, որ դա էլ հենց կոչվում է սուվերենության պակաս։

Լրագրողի այն հարցին, թե վարչապետի ուղերձներից և ենթատեքստից հասկացվում է, որ մենք դատապարտված ենք սրան և այլ ելք չունենք, նա նշեց, որ կարծում է՝ ելքեր միշտ էլ կան, ուղղակի  կառավարության շուրջ ունակ մարդկանց է պետք հավաքել։

«Նույնիսկ հոգեբանական սուվերենության խնդիր ունենք մենք։ Երբ մեզ մոտ նախարարներ են նշանակում, ի՞նչ քննարկումներ են սկսվում հասարակության մեջ։ Քննարկվում է՝ արդյոք Ռուսաստանը կողմ կլինի՞ այդ մարդուն, թե՞ ոչ, Մոսկվան «դաբրո» կտա՞,  թե՞ ոչ»,- ասաց պարոն Գրիգորյանը։ 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում  դրական տեղաշարժի սպասելիքներին՝ նա նշեց. «Դեմ չեմ, որ մենք թուրքերի հետ խոսենք, սակայն չեմ տեսնում հնարավորություն, բայց համաձայն եմ գնալ այդ ճանապարհով։ Իսկ ինչո՞ւ չեմ տեսնում հնարավորություն, քանի որ դրա նախաձեռնողը Ռուսաստանն է, դա անկախ պրոցես չէ։ Ռուսաստանը Աֆղանստանով զբաղված կլինի ու ժամանակավորապես ուզում է, որ Թուրքիան այստեղ՝ Կովկասում, թույլ չտա, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ներկայություն ապահովեն»։

Ըստ Գրիգորյանի՝ այս իրավիճակի միակ լուծումը կլինի այն, որ այլ խաղացողներ երևան մեր տարածաշրջանում։

Սյուզի Սիրականյան