Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
11:21, 02 март 2024
Երեկ՝ մարտի 1-ին, ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները։

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են և հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը, գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն և պարզվում են մահացածների ինքնությունը։