Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հիմա մեր հույսը մեր հարգարժան վարչապետն է. 10 միլիոն են փոխհատուցում, դրանով ի՞նչ բնակարան կարող ենք ձեռք բերել». Քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև

«Հիմա մեր հույսը մեր հարգարժան վարչապետն է. 10 միլիոն են փոխհատուցում, դրանով ի՞նչ բնակարան կարող ենք ձեռք բերել». Քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև
Հասարակություն
13:45, 02 сентябрь 2021
Քաշաթաղի բնակիչները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Բնակիչներից մեկը նշեց, որ Քաշաթաղում թողել են երկու սեփական տուն, հիմա Մասիսի գյուղերից մեկում վարձով են ապրում։ Կառավարությունից խոստացել են յուրաքանչյուրին 10-ական միլիոն դրամ փոխհատուցում տրամադրել։ «Ուղղակի 10 միլիոնով, ինձ թվում է, ոչ ոք չի կարողանա բնակարան գնել։ Անգամ գյուղում այդ գնով տուն չկա։ Չգիտենք՝ ոնց կլինի»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը։ 

Կրկին Արցախ տեղափոխվելու ցանկություն քաղաքացիները չունեն, քանի որ վերաբնակիչներ են և այսքանից հետո կրկին Արցախ տեղափոխվելու ցանկություն չունեն։ Ընտանիքի երկու չափահաս տղաները օրավարձով են աշխատում։ Քաղաքացին նշեց, որ կառավարությունից սոցիալական աջակցություն ստացել են և մեծամասամբ գոհ են աջակցության ծրագրերից։

Բնակիչներից մյուսը ևս նշեց, որ իրենց պահանջն այն է, որ կառավարությունը իրենց ապահովի բնակարաններով։ Այժմ իրենց ընտանիքը վարձով է բնակվում՝ Բաղրամյան գյուղում։ Երեխաները դպրոց գնալու խնդիր ունեն։

1995 թվականին Բերձոր տեղափոխված քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ունեցվածք են ստեղծել, այգի դրել, տուն, ջերմոց կառուցել, որը մի օրում կորցրել են։ «Հիմա մեր հույսը մեր հարգարժան վարչապետն է։ Եկել ենք խնդրանքով, որ գոնե ինչ-որ բան անեն։ Եթե Բերձորում յոթ տուն եմ կորցրել, գոնե այստեղ մի տան հարց լուծենք։ Արդեն անհնար է վարձով ապրել։ Շատերը կցանկանան նորից վերադառնալ Արցախ, բայց նրանք, ովքեր այստեղից են վերաբնակեցվել, Արցախում կդժվարանան։ Մի անգամ գնացինք՝ խաբվեցինք։ 30 տարի այնտեղ ստեղծեցինք, նորից թողեցինք հետ եկանք, նորից գնանք ստեղծենք, նորի՞ց խաբվենք։ Այ դրա համար մեր հույսը մեր վարչապետն է։ Մի անգամ ասացին, որ որոշակի գումար նախատեսել են՝ 10 միլիոնի չափ, բայց եթե տան վարձը 150 հազար է, 10 միլիոնով ի՞նչ բնակարան կարող ենք ձեռք բերել։ Գոնե այնքան գումար տան, որ կարողանանք շրջանում, մոտակա գյուղերում տուն գնել»,- նշեց Բերձորից Հայաստան տեղափոխված քաղաքացին։