Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարծես արգելակների հետ կապված խնդիր կար, ամեն ինչ շատ արագ եղավ, ավտոբուսը թեքվեց ճանապարհից ու խփեց ծառին, էլ բան չեմ հիշում»․ ինչ են պատմում ավտոբուսի այսօրվա վթարից տուժածները

«Կարծես արգելակների հետ կապված խնդիր կար, ամեն ինչ շատ արագ եղավ, ավտոբուսը թեքվեց ճանապարհից ու խփեց ծառին, էլ բան չեմ հիշում»․ ինչ են պատմում ավտոբուսի այսօրվա վթարից տուժածները
Հասարակություն
16:54, 02 сентябрь 2021
Այսօր առավոտյան Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 17 հիվանդներից 14-ը արդեն իսկ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժած քաղաքացիներից միայն մեկի վիճակն է ծայրահեղ ծանր, լյարդի ու փայծախի պատռվածք ունի, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատի ԲԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։

Հիվանդներից երկուսն էլ թոքերի սալջարդով ու կողոսկրերի կոտրվածքով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ։ 

Բշժկի խոսքով՝ արդեն իսկ դուրս գրված քաղաքացիների մոտ թեթև և միջին ծանրության վնասվածքներ են եղել, կոտրվածքներ են եղել, բայց բուժօգնությունից հետո ստացիոնար բուժման կարիք չի եղել և վերջիններս դուրս են գրվել։

Արտաշատի ԲԿ-ում բուժզննում անցնող քաղաքացիներից մեկն ասաց, որ վթարը շատ անսպասելի է եղել. «Կարծես արգելակների հետ կապված խնդիր կար։ Ամեն ինչ շատ արագ եղավ, ավտոբուսը թեքվեց ճանապարհից ու խփեց ծառին, էլ բան չեմ հիշում։ Չեմ ուզում խոսել այդ մասին»,-ասաց ավտոբուսի ուղևորներից մի աղջիկ, ով առավոտյան այդ ավտոբուսով դասի է շտապել։ 

Այսօրվա պատահարի հետևանքով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 17 հոգի: Տուժածներից 2-ը տեղափոխվել են Երևան: 

Վթարի հետևանքով 16 քաղաքացի էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 

Ըստ նախնական տվյալների՝ Գետազատ - Երևան երթուղին սպասարկող «FAV» մակնիշի  ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ 

Արփի Հարությունյան