Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ստեղծած «Անտինիկոլ» նախաձեռնությանը միացած Սերգեյ Չամանյանը ներողություն է խնդրել Արսեն Թորոսյանից

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ստեղծած «Անտինիկոլ» նախաձեռնությանը միացած Սերգեյ Չամանյանը ներողություն է խնդրել Արսեն Թորոսյանից
Հասարակություն
19:01, 02 сентябрь 2021
Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ստեղծած «Անտինիկոլ» նախաձեռնությանը միացած, Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանը ֆեյսբուքյան իր էջով ներողություն է խնդրել առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանից՝ վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար։

«2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախարար Ա. Թորոսյանից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը»,- ասված է իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունում:

Դատարանը Սերգեյ Չամանյանին պարտավորեցրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախկին նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար: