Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարի լրացված հրամանը՝ աշխատողների 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու, պատվաստման հակացուցումների մասին

Առողջապահության նախարարի լրացված հրամանը՝ աշխատողների 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու, պատվաստման հակացուցումների մասին
Հասարակություն
13:59, 06 сентябрь 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 20-ին ստորագրել է N 65-Ն հրամանը, որի համաձայն առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ մի շարք լրացումների թվում է նաև աշխատող քաաքացիների երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ անցնելու վերաբերյալ կետը։ Լրացման համաձայն․

Աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների: Սերտիֆիկատը գրանցվում է ձև 4-ով (ձև 4-ը՝ ստորև) սահմանված գրանցամատյանում և պատճենը պահպանվում է: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված աշխատողը ներկայացնում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը հավաստող առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ), որը գրանցվում է ձև 5-ով (ձև 5-ը՝ ստորև) սահմանված գրանցամատյանում և պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև կոնկրետ պատվաստանյութի համար սահմանված ժամանակամիջոցում ամբողջական պատվաստում չունեցող աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալից ավել ժամանակամիջոցի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բժշկական հակացուցում չունեցող աշխատողը ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ՝ համաձայն 8.1. կետի պահանջի (աշխատողների 14 օրը մեկ ներկայացվող ՊՇՌ թեստի բացասական պատասխանը):

Նշված հավելվածի 8.4 կետով (Կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվող պատվաստումների բժշկական հակացուցումները) սահմանված պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ, տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից, համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կատարվող պատվաստումների բժշկական հակացուցումներն են.

1) Բացարձակ հակացուցում

ա. փաստագրված՝ նախորդ դեղաչափից կամ տվյալ պատվաստանյութի որևէ բաղադրիչից առաջացած լուրջ ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ): Հաջորդ դեղաչափը չի կատարվում:

2) Ժամանակավոր հակացուցում

ա. վարակիչ կամ սոմատիկ սուր հիվանդություններ՝ միջին և ծանր ընթացքով, պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո,

բ. քրոնիկ հիվանդությունների սրացում՝ պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում։