Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմից հետո Արցախի Շուշիի շրջանի բնակիչների 90 տոկոսը վերադարձել է իր տուն` Լիսագոր, Հին Շեն, Մեծ Շեն ու Երցահող. Շուշիի վարչական շրջանի ղեկավար

Պատերազմից հետո Արցախի Շուշիի շրջանի բնակիչների 90 տոկոսը վերադարձել է իր տուն` Լիսագոր, Հին Շեն, Մեծ Շեն ու Երցահող. Շուշիի վարչական շրջանի ղեկավար
Հասարակություն
12:36, 07 сентябрь 2021
«Շուշիի շրջանում արցախյան 44-օրյա պատերազմից հետո մնացել է 4 համայնք՝ իր 6 բնակավայրերով՝ Լիսագորը, Հին Շենը, Մեծ Շենը և Եղցահողը։ Համայնքների բնակիչների 90 տոկոսը պատերազմից հետո վերադարձել է։ 4 համայնքում ունենք 115 ընտանիք՝ 324 բնակիչ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի վարչական շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ  Շուշիի շրջանի բնակիչները գազի, լույսի, էներգիայի խնդիր չունեն և նորմալ հունով ապրում են։ Գրիշա Հովհաննիսյանի խոսքով՝ ի տարբերություն Շուշիի մյուս համայնքների, Լիսագոր համայնքը պատերազմի օրերին շատ էր ավերվել, սակայն հիմա տների 70 տոկոսն արդեն վերանորոգվել է, և համայնքը եկել է նախկին վիճակին, ինչպիսին որ պատերազմից առաջ էր. «Լիսագորում 16 ընտանիք կա՝ 38 բնակիչ, այս տարի այդ համայնքից 7 աշակերտ էլ գնաց դպրոց։ Բնակիչների մի մասը, որոնք տների վերանորոգման պատճառով դեռ չեն վերադարձել (7-8 տան մասին է խոսքը), մինչև ձմեռ իրենց տների վերանորոգումն էլ ավարտված կլինի՝ իրենք էլ կվերադառնան»։  

Շուշիի վարչական շրջանի ղեկավարը նշեց նաև, որ Հին Շեն համայնքում և՛ ռուս խաղաղապահներ են տեղակայված, և՛ մեր Պաշտպանության բանակի զինծառայողները։ Նա նաև ընդգծեց, որ ռուս խաղաղապահները պարեկային ծառայություն են իրականացնում Շուշիի մյուս համայնքներում. «Այսօրվա դրությամբ մեր համայնքներում միջադեպեր չեն գրանցվել, առայժմ խաղաղ է։ Գիշերները մեկ-մեկ կրակոցներ ենք լսում՝ մենք էլ, Ստեփանակերտի բնակիչներն էլ։ Վերջին անգամ կրակոցներ լսել ենք 3 օր առաջ, բայց մեզնից հեռու են՝ չենք կարող ասել, թե որ կողմից ու ովքեր են կրակում»։  

Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հիշատակեց, որ նախքան պատերազմը Արցախի Շուշիի շրջանն ուներ 7 համայնք, որից 3-ը՝ Քիրսավանը, Քարինտակն ու Շուշին, պատերազմի օրերին անցան Ադրբեջանի տիրապետության տակ։

Նարա Մարտիրոսյան