Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ով հեր չունի, գնում եմ իրանց էրեխեքին պահեմ»․ Պատերազմի հերոս Նվեր Գուլինյան. forrights.am

«Ով հեր չունի, գնում եմ իրանց էրեխեքին պահեմ»․ Պատերազմի հերոս Նվեր  Գուլինյան. forrights.am
Հասարակություն
12:47, 07 сентябрь 2021
-Անհեր տղա ես, ո՞ւր ես գնում։

-Ով հեր չունի, գնում եմ իրանց էրեխեքին պահեմ։

Նվեր Գուլինյանի խոսքերն են պատերազմ գնալիս:

Նվերը


Նվերը ծնվեց1996 թվականին, երբ ես 44 տարեկան էի։ Մարդ մի կյանք «զոռով» ա ապրում 44 տարի, ես նոր կյանք էի սկսում էդ տարիքում։ Աստված իրեն ինձ տվեց, անունն էլ ինքը տվեց․ Նվեր։ Նվերիս նվեր տվեցի։ Մի տղա էլ ունեի, 18 տարեկանում մահացավ՝ Նվերի ծնվելուց 4 տարի առաջ։ Նվերիս գրկած, որ տուն եկա, ամուսինս մեզ գրկել էր ու պտտվում էինք տան մեջ, ասեց՝ «էրեխուն կմճտի, որ ձայնը ամբողջ տնով ընկնի, ուրախություն բերի»։ Տենց տեսարաններ մենակ հնդկական կինոներում են լինում։ Նվերիս ունեցա, որ կյանքս շարունակվի, էն էլ սենց եղավ։

Պատերազմից առաջ

Աշխատող տղա էր, ամբողջ տան հոգսը իր վրա էր վերցրել։ Սիրած աղջիկ ուներ։ Ռուսաստան գնաց աշխատելու, եկավ։ Ասում էր․

-Մամ, ոչ մի բանի կարիք չպիտի ունենաս, տղեդ սաղ կանի։

Սեպտեմբերի 27-ին

Ի՞նչ գիտեմ պատերազմից, որ ասեմ։ Նվերը Գյումրիում ա ծառայել։ 

Ամսի 27-ին աշխատանքի էր, երբ զինվորական ծառայության ուղեգիրը բերեցին։ Եկավ, հաց կերավ, լվացվեց ու գնաց։ Ջրականում ա եղել ամբողջ ընթացքում, բայց ինձ բան չի ասել։ Ընկերներին ա պատմել։

-Մամային չասեք, թող չիմանա՝ ես որտեղ եմ։

Պատերազմի սկսվելուց չորս օր հետո եկել ա 15 րոպեով։ «Մամ ջան, ո՞նց ես, ինչ ես անում» ու գնացել ա։ Էդ գնալն էր, որ գնաց։ Պատերազմից ոչ մի բան բացարձակ չի պատմել, ասում էր՝ սաղ լավ ա։ Ասում էինք՝ մի գնա, շանս ունես չգնալու, ասեց․

-Մամ, բա որ մենք չգնանք, ո՞վ գնա։

Ասում են՝ շատ անվախ էր, հետ նայել չկար։ Որ վախենում էին, ասում էր «արա, տղա չե՞ք, ինչի՞ց եք վախենում։ Ձեզ պինդ պահեք, ի՞նչ պետք ա լինի մեզ որ»։

Զոհվեց

Զոհվեց հոկտեմբերի 13-ին Ջրականում։ Իմ բարեկամներն իմացել են, բայց ինձ չեն ասել։ Իր հետ ծառայողներն ասում են բայրակթարից ա զոհվել։ Հոկտեմբերի 23-ին գյուղ են բերել, նոր իմացել եմ։ Շնորհակալագրեր ա ստացել, հետմահու Մարտական ծառայության մեդալ ա ստացել։

Պետությունը

Մի որոշ ժամանակ առաջ Փաշինյանն էր գերեզմաններ գնացել։ Երեք զոհ ունենք էստեղ, երեքին էլ այցելեց ծաղկեփնջերով, կենսագրություններն իմացավ։ Նվերիս մասին, որ պատմել են, ասել ա «ինչի՞ են տարել բա էս տղուն»։ Հետո հետաքրքրվել ա՝ ինչի կարիք ունեմ առանահերթ, ինչի պակաս ունեմ, ու հրամայել ա, որ անհապաղ բոլոր հարցերը լուծեն, ու արել են։ Հետո զինվորների էլ են ուղարկել իմ մոտ, ասեցի, որ ոչ մի բանի կարիք էլ չունեմ։ Հասցեները թողեցին, որ եթե պետք լինի, դիմեմ իրենց։

Իմ տղային չպիտի տանեին։ Զինվորական գրքույկում գրված ա, որ նշանառու ա, հետախույզ։ Բա էդքանը կարդացել են, կողքի գրվածը չե՞ն կարդացել, որ ամուրի ա, եղբայրը մահացած ա, հայրը մահացած ա, երկու քույր ունի։


Ես (մայրը՝ Լիզա Գուլինյանը)

Ասելու ոչ մի բան չկա։ Արտասունքն աչքերիս մենակ ման եմ գալիս, չգիտեմ՝ ինչ անեմ։ Հողը տալիս էին, գոնե ժամանակին տային, քանի՞ ճրագ մարեց, բա էրեխեն հո հավի ճուտ չէ՞ր, ախր մեռնում ենք, է։ Ի՞նչ ասեն ինձ, որ մխիթարեն։ Էս պատերազմը քանի ընտանիք էս օրին գցեց։ Չեմ կարա հաշտվեմ, ախր մենակ ինքը չի է։

Երկու աղջիկ ունեմ, չորս թոռնիկ ունեմ։ Բայց ամեն մեկն իր ընտանիքն ունի, բա ես՞։ Մինչև ե՞րբ նստեմ, սպասեմ՝ ով կգա իրիկունը, մոտս կմնա, չգիտեմ։ Պիտի հույսով ապրեմ։ Բա ի՞նչ անեմ, ենթադրենք թոկը վիզս գցեմ, կախվեմ, բա հետո՞։

Թե’ ճակատագիրն ա, թե’ աստված ընհանրապես չուզեց, որ ես շնչեմ, չգիտեմ։

Աղբյուր՝ forrights.am