Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը

Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը
Հասարակություն
13:40, 01 март 2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Արցախի Հանրապետությունը 1992-94 թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային, հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով: Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ, տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

Ադրբեջանի Հանրապետությունը,  խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություն է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ՝ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մշակութային ժառանգությունը:

Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է՝ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից:

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացում»: