Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանի համայնքապետը բարձրագույն կրթություն չունենալու համար չի ազատել վարչական ղեկավարներին․ Aravot.am

Կապանի համայնքապետը բարձրագույն կրթություն չունենալու համար չի ազատել վարչական ղեկավարներին․ Aravot.am
Հասարակություն
12:56, 08 сентябрь 2021
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Ըստ այդմ, Փարսյանը տեղյակ լինելով, որ Կապան համայնքի Գեղանուշ բնակավայրի վարչական ղեկավար՝ Ժիրայր Զախարյանը չունի բարձրագույն կրթություն, վերջինիս չի ազատել աշխատանքից՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները։

Բացի դրանից, Գեւորգ Փարսյանը Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Հուսիկ Սարուխանյանին մինչեւ այս տարվա մարտ ամիսը չէր ազատել զբաղեցրած պաշտոնից, քանի նա եւս բարձրագույն կրթություն չուներ։

Գ.Փարսյանը տեղյակ լինելով Կապան համայնքի Վանեք բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Առաքելյանի բարձրագույն կրթություն չունենալու հանգամանքին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները վերջինիս չի ազատել զբաղեցրած պաշտոնից:

Կապանի համայնքապետը Եղվարդի վարչական ղեկավար Արուսյակ Դավթյանին եւ Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանին նույնպես թույլատրել է աշխատել առանց բարձրագույն կրթության։

Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Կապանի համայնքապետարանից։ Գեւորգ Փարսյանն ու նրա մամուլի խոսնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։ Պատրաստ ենք նաեւ ներկայացնել համայնքապետի տեսակետը։

Նշենք նաեւ, որ Գեւորգ Փարսյանը վերջերս աշխատանքից ազատել է Շիկահողի եւ Վերին Խոտանան բնակավայրերի վարչական ղեկավարներին, որոնք, ըստ խոսակցությունների, առաջիկա ՏԻՄ ընտրություններին չեն սատարելու նրան։

Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, Կապան համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, թե իբր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իրեն ապօրինի կերպով ազատել է աշխատանքից, քանի որ ինքը չի մասնակցել փետրվարին Կապանում կառավարության հրաժարականը պահանջող ցույցին։