Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ենթադրում եմ, որ մենք տարեվերջին մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք․Վահան Քերոբյան

«Կարող եմ ցույց տալ, թե ինչպիսի տեմպով է ընթանում խաղողի մթերումը մի շարք գործարաններում, ընդ որում, որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ քանակի մթերումների մասին։ Դրանցից մեկին կարող եմ նշել՝ Պռոշյանի կոնյակի գործարանն է, որը հայտարարել է, որ ինչքան բերեն ինքը կմթերի»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Լրագրողները հարցրեցին  նաև խաղողի գնի շուրջ առաջացած խնդիրների մասին, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ կարծում է, որ Կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից։

Վահան Քերոբյանի խոսքով՝ իրենք չեն խառնվում որևէ ապրանքի գնի քննարկմանը և ինչու պետք է խառնվեն խաղողի գնի հարցին։
«Սա զուտ շուկայական հարաբերություններ են և կարծում եմ, որ պահանջարկի և առաջարկի հետևանքով կձևավորվի ճիշտ գին՝ ճիշտ որակի համար, իսկ եթե չարաշահումներ լինեն, ապա դրա համար գոյություն ունի կառույց՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կկանխարգելի ցանկացած չարաշահում»,-ասաց Վահան Քերոբյանը։ 

Խոսելով Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին՝ նախարարն ասաց, որ մինչև օգոստոսի վերջն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 488 000 զբոսաշրջիկ, իսկ միայն օգոստոսին եղել է 143 000 զբոսաշրջիկ, և դա նշանակում է, որ մենք անցյալ տարվա համեմատ ունենք 30 տոկոս աճ։

«Ենթադրում եմ, որ մենք տարեվերջին անպայման մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք․ պլանավորված է 1 միլիոն 200 հազար։

Իհարկե տեսնում ենք համաճարակային վիճակը տարբեր տեսակի վայրիվերումներով է գնում, տարբեր երկրներում բացվում են, փակվում են, դժվարանում է ճանապարհների անցանելիությունը, և այսպիսի պայմաններում ճշգրիտ գուշակելը բավականին բարդ գործ է։

Բայց տարին դեռ չի ավարտվել, մենք ունենք չորս լավ ամիս։ Ավիառեյսերն էլ օրեցօր ավելանում են և հուսանք, որ մենք չենք վրիպի մեր կանխատեսումներից»,-ասաց Վահան Քերոբյանը։