Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի, նրա ընտանիքի անդամների, նրա հետ փոխկապակցված բիզնեսների նկատմամբ․ իրավապաշտպան

Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի, նրա ընտանիքի անդամների, նրա հետ փոխկապակցված բիզնեսների նկատմամբ․ իրավապաշտպան
Հասարակություն
13:41, 08 сентябрь 2021
Միջազգային գործընկերները, եթե ցանկանում են հայ ռազմագերիների վերադարձի հարցում իրական արդյունք ապահովել, պետք է օգտվեն իրենց զինանոցի այլ գործիքներից և ընդհուպ պատժամիջոցներ կիրառեն Ալիևի ընտանիքի նկատմամբ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Ես վստահ եմ, որ եթե ադրբեջանական լուրջ բիզնեսներ ենթարկվեն սահմանափակումների, եթե արտահանումների, նավթի առևտրի առնչությամբ սահմանափակումներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, շատ արագ կերպով այս խնդիրները քաղաքական ճանապարհով Ադրբեջանը կլուծի։ Հենց ինքը՝ Ալիևը պատերազմական հանցագործության մաս է կազմում։ Օրինակ՝ ռազմագերիների թվաքանակը կեղծելը, թաքցնելը կամ ռազմագերիներին անհապաղ ազատ չարձակելը ինքնին պատերազմական հանցագործություն է։ Իսկ մենք տեսնում ենք, որ պատվերը տրվել է հենց Ալիևի կողմից, այսինքն՝ այս գործընթացում խոչընդոտները հենց նախաձեռնվել են Ալիևի կողմից, ով հրապարակային հայտարարեց, որ այլևս ռազմագերիներ չկան։ Ավելին, նա պիտակավորեց ռազմագերիներին որպես հանցագործներ՝ խոչընդոտելով նրանց անհապաղ հայրենադարձումը։ Այսինքն՝ Ալիևի անմիջական որոշման հիման վրա թաքցվում է ռազմագերիների իրական թիվը։ Իսկ միջազգային փաստաթղթերը նշում են՝ ռազմագերիների հայրենադարձման չհիմնավորված պատճառաբանությունները պատերազմական հանցագործություններ են։ Կարծում եմ՝ հենց այս պատերազմական հանցագործության առնչությամբ կարելի է և պետք է քաղաքական պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի, նրա ընտանիքի անդամների, նրա հետ փոխկապակցված բիզնեսների նկատմամբ։ Ուղղակի սրանք քաղաքական պատժամնիջոցներ են և այստեղ պետք է լրջագույն աշխատանք տարվի միջազգային կառույցների հետ, որպեսզի նրանք գիտակցեն Հայաստանի հետ համընկնող իրենց շահերը և որոշեն լուրջ մոտեցումներ ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ում հետ ունեն տնտեսական շահեր»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ միաժամանակ լուրջ աշխատանք է տարվում իրավական դաշտում։ «Ադրբեջանը հասկանում է իրավական գործընթացի ազդեցությունը և փորձելու է այս ժամանակահատվածում քաղաքական առևտրի միջոցով լուծել խնդիրը։ Եթե չստացվի, իրավական ճանապարհով որոշ ժամանակ անց ստիպված է լինելու ազատ արձակել ռազմագերիներին։ Դրա համար մենք մեր ռազմագերիներին իրավունքի տեսանկյունից պաշտպանված ենք համարում, ուղղակի ժամանակի մեջ մենք կորուստներ ենք ունենում», հավելեց նա։