Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՊԵԿ-ում իրականացված ստուգումների ընթացքում պաշտոնեական անփութության հատկանիշներով

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՊԵԿ-ում իրականացված ստուգումների ընթացքում պաշտոնեական անփութության հատկանիշներով
Հասարակություն
15:39, 08 сентябрь 2021
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՊԵԿ-ում իրականացված ստուգումների ընթացքում առերևույթ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ։ 

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից դեռեւս 21.05.2018թ որոշում է ընդունվել՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ հաշվեքննություն իրականացնելու մասին։ Ամիսներ անց՝ 27.11.2018թ Հաշվեքննիչ պալատի կողմից ընդունվել է մեկ այլ որոշում՝ ՊԵԿ-ում պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության նկատմամբ հաշվեքննություն իրականացնելու մասին։ Բացի այդ՝ Հաշվեքննիչ պալատն ընդունել է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրում փոփոխություն կատարելու մասին 13.02.2019թ. N 3/6 որոշումը, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության նկատմամբ հաշվեքննության իրականացում:

Սակայն ՀՀ հաշվեքննիչ պալատի 29.03.2019թ. N 7/3 որոշմամբ հաստատվել է միայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Այլ խոսքով՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում փաստացի ստուգումներ է իրականացրել երեք հնարավոր խնդիրների շուրջ, սակայն արդյունքներն ամփոփել և Ընթացիկ եզրակայությունը կազմել է միայն 1 թեմայով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումները համակարգել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Իրավապահ մարմինները գտել են, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում թույլ է տվել անփութություն և որոշում են կայացրել քրեական գործ հարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։