Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իսկանդերից» 9 բալանոց ուժեղ ցնցում է լինում, որից Շուշին պետք է լրիվ ավերվեր. Շուշիի քաղաքապետ, 1in.am

«Իսկանդերից» 9 բալանոց ուժեղ ցնցում է լինում, որից Շուշին պետք է լրիվ ավերվեր. Շուշիի քաղաքապետ, 1in.am
Հասարակություն
14:47, 01 март 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ «Իսկանդերը» կիրառվել է Շուշիի ուղղությամբ: Դուք ի՞նչ կարող եք ասել այդ ուղղությամբ, քանի որ ինքներդ էլ մասնակցել եք պատերազմին:

– Ճիշտն ասած, ես «Իսկանդերի» վերաբերյալ ոչ մի բան չէի լսել: Նոր եմ լսել, որ կրակել են: Ես գիտեմ, որ եթե «Իսկանդերից» կրակում են և պայթում է, 9 բալանոց երկրաշարժի ուժգնություն ունի: Եթե այդպես լիներ, ապա Շուշիի շենքերի կեսը պետք է փլվեր, որովհետև էնտեղ հին շենքեր էր՝ խրուշչովյան ժամանակաշրջանի: Ես տեղյակ չեմ՝ կրակել են, թե չեն կրակել, բայց որ շենքերը փլված չեն, կանգնած են, դա փաստ է:

– Դուք ինչքան ժամանակ որ Շուշիում եք եղել, նման բան չե՞ք տեսել:

– Ոչ, ես ինչքան որ եղել եմ Շուշիում, «Իսկանդերի» կրակոցի մասին ոչ մի բան տեղյակ չեմ:

– Ձեզ համար անակնկա՞լ էին Սերժ Սարգսյանի հայտարարությունները:

– Իհարկե, անակնկալ էր, եթե օգտագործող էին, թող ժամանակին օգտագործեին: Ոչ թե Շուշիում, այլ Հադրութում, Ջաբրայիլում, որ թշնամին չգար հասներ Շուշիի մատույցները: Դե շատ բան են ասել, որ օգտագործել են: Էն ժամանակ էնքան ստեր են ասել, որ «Տոչկա ՈՒ»-ով խփել են, քաղաքապետարանի շենքը հողին են հավասարեցրել, էն որ դրոշակը դրել էին, արդյունքում պարզվել է, որ բան էլ չի եղել:

– Դուք որ էն ժամանակ Արցախի բանակի ղեկավարության հետ խոսել եք, որևէ մեկը չի ասե՞լ, որ «Իսկանդեր» է կիրառվել:

– Ճիշտն ասած, ես այդ հարցով ոչ մեկի հետ չեմ խոսել, որովհետև ես չգիտեի, որ տենց բան կարող է եղած լինի: Ասում են, որ «Իսկանդեր» օգտագործվելու դեպքում աշխարհով մեկ ինչ-որ ձայներ է լսվելու, որ աշխարհը չի թողնի: Կամ եթե պետք է օգտագործեն, ապա պետք է օգտագործեն Մինգեչաուրի վրա, նավթամուղի վրա: Դրա համար ես չեմ պատկերացնում, որ Շուշիի վրա կարող է օգտագործած լինեն:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով:

– Ես այդ զենքի մասին շատ բան չգիտեմ, չեմ կարող ոչինչ ասել: Միայն գիտեմ, որ «Իսկանդերից» 9 բալանոց ուժեղ ցնցում է լինում, որից Շուշին պետք է լրիվ ավերվեր, բայց շենքերը, ցույց են տալիս, նորմալ կանգնած են: Միայն ռմբակոծության հետքերն են երևում: Եթե կոնկրետ մի շենքի վրա խփել են, ապա գոնե այդ շենքը պետք է լրիվ փլված լիներ, բայց էդպես փլված շենք չունենք, բացի Մշակույթի տնից: