Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանում Հայոց ցեղասպանության վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթող կտեղադրվի. նախագիծ

Երեւանում Հայոց ցեղասպանության վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթող կտեղադրվի. նախագիծ
Հասարակություն
16:59, 08 сентябрь 2021
Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի Երեւանի ավագանու 7 նստաշրջանը: Օրակարգում 15 հարց է, որոնցից մեկով առաջարկվում է ավագանու համաձայնությունը ստանալ Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող տեղադրելու նախագծի վերաբերյալ:

Նախագծում ասվում է, որ Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երեւան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող:

Աղբյուր-հուշակոթողը նախատեսվում է տեղադրել Երեւան քաղաքի Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի եւ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում:

Նաեւ նշվում է, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երեւան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության նրանց ժառանգների կողմից՝ Երեւանի քաղաքապետարան ուղղված դիմումը: Հարցի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Երևանի ավագանու խմբակցությունների կողմից:

«Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական եւ բարոյահոգեբանական կարեւոր նշանակություն»,-մասնավորապես ասվում է նախագծի հիմնավորման մեջ: