Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող Որոտան համայնքի ղեկավարի գործը մտել է դատարան

Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող Որոտան համայնքի ղեկավարի գործը մտել է դատարան
Հասարակություն
17:59, 08 сентябрь 2021
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Գործը դատարան է մտել սեպտեմբերի 6-ին և մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Սուրիկ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավարը, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար Գորիս համայնքի Որոտան բնակավայրի բնակիչ Արգինա Գալստյանին տվել է կաշառք։

Հիշեցնենք, որ սկզբում դատարանը Սուրիկ Օհանջանյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել, սակայն հետագայում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, ինչից հետո Սուրիկ Օհանջանյանն ազատ է արձակվել։

Դատական նիստերը կանցկացվեն Սիսիանի դատարանում։